«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրաշալի եռյակը երեկ այցելեց Արարատ: Չնայած նախապես ծրագրվել էր հանրահավաքն անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, սակայն ծրագրերը նախօրեին փոխվել էին, քանի որ նույն օրը Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի մտքով հանկարծ անցել էր այդ հրապարակում մանկական երգի-պարի միջոցառում անցկացնել: Ստեփան Շահումյանի անվան հրապարակում ելույթ ունեցողները քաղաքապետին պիտակեցին՝ «երեխաների թիկունքում պախկվող» մարդ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը փորձեց արարատցիների սիրտը շահել՝ հայտարարելով, թե զգում է նրանց էներգիան. «Մենք ընդունում ենք, որ ձեր սպասումները պարտավոր ենք իրականություն դարձնել: Այսօր մենք անկեղծ ու լուրջ պետք է խոսենք ձեզ հետ միասին: Ինչո՞ւ մենք պետք է ունենանք մեկ միլիոն աղքատ մարդիկ, ինչո՞ւ պետք է մեր երկրում ներդրումներ չանեն: Դրա համար մենք հիմա տրամադրված ենք վճռական, շատ վճռական: Համաձա՞յն եք, որ պետք է փոփոխություն անենք այս երկրում»: «Այո՛»,- պատասխանեց ժողովուրդը: Արարատցիները նույնիսկ մի պահ Գագիկ Ծառուկյանին հիշեցին և սկսեցին նրա անունը վանկարկել, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ էլ մեկը շարքերից գոռաց՝ «Մեռնեմ ջանիդ»… Նման էմոցիոնալ հանրահավաքին պակասում էին միայն հակառակ սեռի ներկայացուցիչների ելույթները, և ամեն ինչ իդեալական կլիներ: Նրանք սպասեցնել չտվեցին, արդեն առաջին 20 րոպեից հետո 5 կանայք շարքերի միջից բանախոսների հետ հավասար գոռում էին, անիծում, հրաշալի եռյակի բոյը թաղում և մտցնում ցեխը, հանում: «Տո դուք ո՞վ եք, ի՞նչ եք, հերի՛ք ա ժողովրդին խաբեք: Սաղ սխալ են խոսում: Հերի՛ք ա սուտ խոսաք, ժողովրդին կուլ տաք»,- գոռում էին իշխանության «բետեեռները», որոնց, բնականաբար, ուղարկել էին՝ հատուկ հանրահավաքը «հարամելու»:

Ելույթ ունեցողներից միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բանատեղ դրեց կոկորդ պատռող կանանց. «Պարզվում է՝ մենք ունենք քույրիկների մի խումբ, որոնց առաջին անգամ հանդիպեցինք Հրազդանում, որոնք եկել պահանջում էին ընդդիմության հրաժարականը: Սիրելի՛ բարետես, գեղեցիկ քույրիկներ ջա՛ն, նրանք, ովքեր ձեզ ուղարկել են, թող հաջորդ անգամ շալվարները տան՝ հետներդ բերեք»: Բայց առաջարկը չազդեց «գեղեցիկ քույրիկների» վրա:

Մանրամասները՝ թերթի համարում: