Փետրվարի 27-ին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում գրանցված երկվորյակների մահվան դեպքի կապակցությամբ թերթը գրում է, որ ըստ երեխաների ծնողների` Մերի և Մարիամ Վարդանյանները մինչև մահանալը եղել են շատ առողջ: Ծնողների ասելով` նրանք ծնվել են նորմալ քաշով` միասին համարյա 6կգ:
Սակայն տեղի պոլիկլինիկայում նկատել են, որ երեխաները որոշ առողջական խնդիրներ ունեն: Կասկածել են գլխի դանդաղ աճ, ուղարկել են Երևան` ստուգումների, որոնց արդյունքում վերջնական որևէ ախտորոշում չի տրվել:
Ընտանիքի անդամների պնդմամբ` երեխաները թունավորվել են «Նեսթլե» ընկերության «Նեստոժեն» տեսակի մանկական չոր կաթնային սննդից, որը կերել են 1 ամսականից: Չոր կաթն առգրավվել և ուղարկվել էր փորձաքննության:
Թերթը նշում է, որ դեպքից երկու օր անց սննդի անվտանգության ծառայության կողմից իրականացվել էր իրացման ցանցում առկա «Նեստոժեն» կաթի փոշու փորձաքննություն:
Փորձաքննությամբ պարզվել էր, որ իրացման ցանցում առկա նշված մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական ազդեցություն ունենալ չեն կարող: Փորձանմուշներ վերցվել են տարբեր խանութներից: Դրանք ժամկետանց չեն եղել:
Փորձաքննության էր ենթարկվել նաև «Նեստոժեն»-ի այն տուփը, որից երեխաներին կերակրել էին:
Այդ առթիվ թերթի թղթակիցը ոստիկանության լրատվության ծառայությունից` Արմեն Մալխասյանից, տեղեկացել է, որ օգտագործված տուփի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված տուփի պարունակությունը ժամկետանց չի եղել, իր մեջ վտանգավոր էլեմենտներ չի պարունակել: Սակայն որոշակի բացիլներ հայտնաբերվել են ծծակի վրայից, որով կերակրել են երեխաներին: Կատարվում է նախաքննություն:
ԻՐԱՎՈՒՆՔ


