Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է 2015-ին Փարիզում տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելու մասին քաղաքապետարանի ուղերձը, հաղորդում է Asbarez-ը:
Հայաստանի Հանրապետության և Փարիզի քաղաքապետարանի, ինչպես նաև ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի «2015 հանձնախմբի» համատեղ աշխատանքով ձեռք բերված համաձայնություններն արտացոլող ուղերձը քաղաքային խորհրդի քննարկմանն են ներկայացրել քաղաքապետի` հիշատակության և միջազգային կապերի գծով տեղակալները:
Nouvelles d՛Armenie պարբերականը ներկայացրել է ուղերձը.
«Հաշվի առնելով 2001թ-ի հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչումը, հաշվի առնելով, որ պատմական փաստերին հակառակ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է, որը վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակին և նրանց սերունդներին,
հաշվի առնելով Փարիզի հայ համայնքի ներդրումը քաղաքի զարգացման, մշակույթի և հանրահռչակման գործում, Փարիզը պետք է նշի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ Ցեղասպանության իրողության տարածման, ճանաչման, գիտակցման ու ժխտողականության դեմ պայքարին ուղղված միջոցառումներով:
Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները:
Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումների առթիվ Փարիզի քաղաքապետը ևս պետք է Երևան այցելի 2015-ին»: