«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:
Որակավորման շնորհման նպատակն է բացահայտել զիված ուժերի առավել պատրաստականություն ունեցող զինծառայողներին, հատուկ առաջադրանքների միջոցով բարձրացնել նրանց մարտավարամասնագիտական ունակությունները, տեսական ու գործնական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել գործնական կարողությունները մարտական խնդիրների պլանավորման, կազմակերպման և իրականացման ուղղությամբ, պատրաստել զինծառայողներին արտակարգ իրավիճակներում ինքնուրույն մարտական խնդիրներ կատարելուն, զարգացնել արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների կատարման ունակությունները:
Ստուգատեսի ընթացքում նախատեսված էին օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքներ, պարաշյուտային թռիչքներ, վարժություններ կրակային պատրաստության` նախնական հրաձգության և ստուգողական հրաձգության պարապմունքեր, զենքի քանդման-հավաքման վարժություններ, արգելագոտու հաղթահարում, որի միջոցով ստուգվում է զինծառայողների ֆիզիկական պատրաստականության մակարդակը, վարժությունների կատարում ուղեկցված անսպասելի պայթյուններով, ուսումնական փամփուշտների միջոցով հրաձգությամբ և այլն: Մրցույթի ամփոփիչ փուլում նախատեսված էր երթարշավ արգելքների հաղթահարմամբ և լրիվ հանդերձավորմամբ: Երթարշավի ընթացքում մասնակիցներին տրվել են անսպասելի առաջադրանքներ` ջրային գոտու, թունավոր նյութերով վարակված տարածքի հաղթահարում և այլն:
Հոկտեմբերի 4-ին կայացել է «Դյուցազն» որակավորման կարգի շնորհման համաբանակային մրցույթի վերջին` «Ուսումնական մենամարտ» փուլն ու մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:
Ստուգատեսի եզրափակիչ փուլի ընթացքին հետևել և մասնակիցներին ողջունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Եզրափակիչ փուլի ավարտին հաջորդել է վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: 17 զինծառայողներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստացել են վաստակած պարգևը` «Դյուցազն» որակավորման կարգը:
Շնորհավորելով զինծառայողներին և Զինված ուժերի ղեկավարության անունից երախտագիտություն հայտնելով անձնվեր ծառայության համար` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրականում հաղթողներ և պարտվողներ չկան, քանի որ մրցույթին մասնակցությունն արդեն իսկ վկայում է զինծառայողների մարտավարամասնագիտական բարձր կարողությունների մասին: Սեյրան Օհանյանը նաև հույս է հայտնել, որ «Դյուցազն» որակավորում ստացած զինծառայողների օրինակը վարակիչ կլինի մյուսների համար: