«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այս օրերին Սյունիքի մարզի տարբեր գյուղապետերի, դպրոցի տնօրենների և այլ մանկլավիկների միջոցով փորձ է արվում հանրությանը համոզել, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը սյունեցիները ոչ միայն դեմ չեն, այլև նրան համարում են անփոխարինելի մարզպետ: Բնականաբար` նման հայտարարությունների հեղինակներն այդ ամենն ասում են «ոչ լավ կյանքից»` հոգու խորքում հստակ գիտակցելով, որ այդպիսով արժանանում են իրենց շրջապատի քամահրանքին, որն, ի դեպ,նույնպես պահվում է վերջիններիս հոգու խորքում: 

Եվ դա գիտակցում են բոլորը, այդ թվում և ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, որը կարծես թե որոշել է իր գործունեությամբ ցույց տալ, որ իրականում ինքն իրոք վատ մարզպետ չէ և մտածում է սյունեցիների մասին` այդպիսով նաև «թև տալով» այս օրերին իրեն գովաբանողներին: Երեկ, օրինակ, նա հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ անցկացրած խորհրդակցության արդյունքում հասել է այն բանին, որ հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխվել է` դառնալով 600 գրամ հացի դիմաց` 240 դրամ: Ասել է թե` «անփոխարինելի» մարզպետի ջանքերով այսօրվանից սյունեցիները նույն գումարով ավելի շատ հաց կգնեն:

 Ի վերջո, արդեն իսկ դրական է այն, որ նա գիտակցում է, որ Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի «սիրտը շահելուց» առավել կարեւոր է սեփական ժողովրդի ատելությունը գոնե փոքր-ինչ մեղմելը: Այլ հարց է, թե դա որքան կտևի, և արդյո՞ք փոքր-ինչ ռեաբիլիտացվելուց հետո Սուրեն Խաչատրյանն իրեն է՛լ ավելի ամենաթող չի զգա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: