«Ժողովուրդ» թերթը գրում է.

«37-ամյա Դիանա Նահապետյանի մահից անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն նրա դուստրերը` 15-ամյա Արփինեն ու 18-ամյա Անահիտը, շարունակ մղձավանջներ են ունենում և լցված են իրենց մորը դաժանաբար սպանողին կյանքից զրկելու անհագ ցանկությամբ: Armlur.am-ի հետ զրույցում Դիանայի մայրը` Վալյա Նահապետյանը, նշեց, որ վերջին դատական նիստին խնդրել է մեղադրողին և պաշտպանին, որպեսզի երեխաներին դատակոչելու միջնորդությամբ հանդես չգան: Նրա խոսքերով` ամեն անգամ, իրենց կյանքի ամենադաժան դրվագը վերհիշելով, երեխաներն ավելի մեծ սթրես են ապրում:

«Դեպքից հետո երեխաների հետ հոգեբաններ աշխատեցին, ու, անկեղծ ասած, արդյունքը բավականին գոհացնող էր: Սակայն ավելի ուշ նրանց մոտ կրկին սկսվեցին սթրեսային վիճակները: Մանավանդ սկզբի շրջանում թոռներս ագրեսիվ էին դարձել: Մեծս ասում էր՝ տատի՛, եթե դրան բան չլինի, ես իմ ձեռքերով եմ դրա վերջը տալու: Իսկ փոքր թոռս էլ մեկ-մեկ ասում է` տատի՛, որ բալկոնից ինձ քցեմ, ի՞նչ կլինի: Խեղճ էրեխեքս փոքր-փոքր էդ անասունի պատճառով հիստերիկ են դառել»,- հուսահատ ասաց սպանված կնոջ մայրը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը իր կնոջ` Դիանա Նահապետյանի բնակարանում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանություն էր սկսել նրա հետ: Այդ ընթացքում ձեռքերով, ապակյա վազով հարվածներ էր հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, այնուհետև մազերից քաշելով՝ տարել էր խոհանոցի մուտքի մոտ և խոհանոցային դանակներով հարվածել էր Դիանային, ինչի հետևանքով կինը տեղում մահացել էր»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: