Ամերիկացի կիբերանվտանգության գծով փորձագետները լրջորեն անհանգստացած են աշխարհի ամենամեծ բանկերից մեկի «JPMorgan Chase»-ի վրա հաքերային հարձակման փաստի առթիվ: Այս բանկից օգտվում են աշխարհի միլիոնավոր մարդիկ: Հաքերներին հաջողվել է գողանալ 76 մլն ընտանիքների և 7 մլն ընկերությունների կոնտակտային տվյալները (Անուն Ազգանուն, բնակավայր և էլէկտրոնային հասցեները):
Փորձագետների կարծիքով հարձակումն իրականացվել է ռուս հաքերների կողմից, որպես պատասխան ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Նույնիսկ ենթադրվում է, որ այդ հաքերները որոշակի կապ ունեն ռուսական իշխանությունների հետ:
Հարձակման մասին լուրերը տարածվում էին դեռևս օգոստոսին և սկսած այդ ժամանակվանից ԶԼՄ-ների մոտ առավել շատ մանրամասներ են հայտնվում: Օրինակ, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտնի դարձավ նաև, որ գրեթե նույն ժամանակահատվածում հարձակումներ են եղել ևս 9 ամերիկյան բանկերի էլեկտրոնային համակարգերի վրա: Ինչպես հայտնում է BBC-ն՝ «JPMorgan»-ի վրա կատարված հարձակումը համարվում է աշխարհի խոշորագույն կիբերհարձակումը բանկի վրա: