«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2011թ. հունիսի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասին հարակից անտառում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դին՝ դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների բացակայությամբ: Ավելի քան 3 տարի ընթացող քննությունից հետո՝ 2014 թ սկզբին, գործը կարճվեց: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 3 տարի շարունակ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, և միայն այս տարի է քննչական վարչությունը համոզվել, որ Տիգրանի ինքնասպանության մեջ մեղավոր անձինք չկան:
Մամուլում տարածված լուրերի համաձայն` ծնողներն իրենց որդուն վերջին անգամ տեսել են 2011 թվականի ապրիլի 29-ին Կարմրաքարում, երբ հերթական անգամ այցելել են նրան: Որդու տրամադրությունը եղել է շատ լավ, ոչ մեկից և ոչ մի բանից բողոք չի ունեցել: Վերջին հեռախոսազրույցը որդու հետ մայրն ունեցել է նրա անհետացման օրը` հունիսի 28-ին, ժամը 11:00-ի կողմերը: Այդ նույն օրը Տիգրանի մորը՝ տիկին Անահիտին, զանգահարել է շտաբի պետը՝ Արսեն Ոսկանյանը, և հարցրել, թե որտեղ է գտնվում Տիգրանը, քանի որ նա զորամասում չէ: Ի պատասխան՝ մայրն ասել է, որ նա ծառայության մեկուկես տարվա ընթացքում երբևէ ինքնակամ դուրս չի եկել: Անհանգստացած ծնողները զանգել են Տիգրանին, սակայն նրա հեռախոսն անհասանելի է եղել: Ժամը 23:00-ի սահմաններում Տիգրանի հայրը զանգահարել է շտաբի պետին և հայտնել, որ ուզում է այցելել զորամաս, սակայն վերջինս նրան պատասխանել է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ «միգուցե Տիգրանը մի բարեկամի մոտ լինի և շուտով գա»:
Հաջորդ օրն՝ առավոտյան, անհետացած զինվորի ծնողները գնացել են զորամաս: Մինչ այդ մտել են ՎիվաՍել-ՄՏՍ -ի գրասենյակ՝ տեղեկանալու Տիգրանի հեռախոսազանգերի մասին: Գրասենյակում ասել են, որ Տիգրանի հեռախոսն անջատվել է նախորդ օրը՝ հունիսի 28-ին, ժամը 12:30-ին: Համարի հաշվին եղել է 1097 դրամ, իսկ հեռախոսի մարտկոցը «նստած» չի եղել: Արդեն զորամասում Տիգրանի ծնողները զինվորներին հարցուփորձ են արել իրենց որդու մասին, և նրանցից մեկն ասել է, որ Տիգրանին տեսել է լվացվելիս հունիսի 28-ին՝ ժամը 12:00-14:00-ի կողմերը, ինչից հետո նա թռել է զորամասի պատի վրայով և գնացել: Տիգրանի հոր հարցին, թե ո՞ւր է իր որդին, շտաբի պետը պատասխանել է՝ փախած կլինի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: