Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ավանդույթի համաձայն` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երդվում են հավատարիմ մնալ ուսուցչի մասնագիտությանը: Այս տարի շուրջ 1200 ուսանող կզինվորագրվի այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը, ում վեհ գաղափարներով մեր նախնիները հանուն լուսավոր ապագայի պայքարել են խավարամտության դեմ: Երդմնառության արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնանքը: Առաջին կուրսեցիներին ողջունեցին ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՊՄՀ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջին կուրսեցիներին ուղղված իր շնորհավորական ելույթում նշեց, որ թեպետ հաճախ է ներկա գտնվել երդման արարողությունների, բայց ապագա ուսուցիչների, մանկավարժների երդումն առանձնահատուկ խորհուրդ ունի մեր ժողովրդի համար: Սեյրան Օհանյանը մասնավորապես կարևորեց ուսուցիչների դերն ապագա զինվորի, հայրենիքի պաշտպանի, Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիների դաստիարակության գործում: Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ նմանօրինակ կարևոր միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են եկեղեցին և ազգային բանակը ներկայացնող պատվարժան հյուրերը:

Միջոցառմանը ներկա էին նաև համալսարանի երեք ուսանողներ, ովքեր ներկայումս հայոց բանակի ժամկետային զինծառայողներ են: Եվ տոնական օրվա առթիվ նախարարը նրանց եռօրյա արձակուրդ շնորհեց:

Երդմնառության հանդիսավոր արարողությունն ամփոփվեց տոնական համերգով, որի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ նաև ՀՀ ՊՆ «Զորական» համույթը: