«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության համար այսօր հիրավի պատմական օր է. Սերժ Սարգսյանը Մինսկում պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որը շատ քաղաքական գործիչներ բնորոշում են որպես ՀՀ անկախության սպառնալիք: Չի բացառվում նաև, որ դրանից հետո Հայաստանի և Արցախի սահմանների միջև մաքսակետ դրվի՝ անիմաստ դարձնելով բազմահազար մեր հայրենակիցների թափած արյունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ եռօրյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:

Վաշինգտոնում նա կմասնակցի Համաշխարհային բանկի և արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լրագումար նիստին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երևանի ժամանակով 01:30-ի սահմաններում ԱՄՆ հասած վարչապետին իր հայտնի ժպիտով դիմավորել է նախկին վարչապետը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Եվ մինչ ՀՀ իշխանության երկու թևերն արտերկրում են, ոչ իշխանական եռյակը Հայաստանում հուժկու հանրահավաք է հրավիրել:

Սպասվում են ճռճռան ելույթներ՝ ընդհուպ մինչև անժամկետ նստացույցի մասին հայտարարություն: Ու քանի որ այսօր ՀՀ նախագահի լիազորությունները կատարում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ուստի, կարծում ենք, ճիշտ պահն է, որ եռյակը բարձրացնի ամբողջական իշխանափոխության անհրաժեշտություն՝ պահանջելով ՀՀ փաստացի նախագահ Գալուստ Սահակյանի հրաժարականը. «Գալո՛ւստ, հեռացի՛ր»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: