«Հայկական ժամանակը» գրում է.
«Գրեթե ակնհայտ դարձավ, որ Եռյակն իր առաջ իշխանափոխություն իրականացնելու խնդիր է դնում: Այդ մասին մարզային հանդիպումների ընթացքում խոսեցին ինչպես ՀԱԿ և «Ժառանգության», այնպես էլ ԲՀԿ- ի ներկայացուցիչները: Ինչո՞ւ է ուրեմն այս հարցը գրեթե և ոչ հարյուր տոկոսով ակնհայտ:
Որովհետև այդ հայտարարությունները դեռ միս ու արյուն պետք է ստանան Եռյակի լիդերների քաղաքական հայտարարություններով: Նրանք պետք է հստակեցնեն, թե ի՞նչ նկատի ունեն իշխանափոխություն ասելով:
Իշխանության տարբերակներից մեկն այն է, որ Եռյակն առաջադրի Սերժ Սարգսյանի հրաժարականի անհապաղ պահանջ, նրան ներկայացնի ուլիմատում, և եթե Սարգսյանը ինքնակամ հրաժարական չտա, հաջորդ հանրահավաքին ժողովրդի միջոցով նրան հարկադրի հրաժարական տալ:
Մինչ այս, սակայն, Եռյակի առաջնորդներն ակնարկել են բոլորովին ուրիիշ տարբերակի մասին: Ըստ այդմ, ձևավորվում է մեծ կոնսոլիդացիա ընդդեմ Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների, 2016 թվականին վիժեցվում է սահմանադրական հանրաքվեն, ինչը նշանակում է՝ կառավարման գործող համակարգը շարունակում է գոյություն ունենալ, ապա Եռյակը փորձում է վերցնել իշխանությունը: Սա նույնպես տարբերակ է:
Կարող է լինել նաև մի բոլորովին ուրիշ, երրորդ տարբերակ, որ մանրամասնորեն պլանավորեն են Եռյակի ներկայացուցիչները և որը կբացվի միայն Ազատության հրապարակում: Չի բացառվում, իհարկե, և սա իմանալու համար պիտի հետևենք այսօրվա հանրահավաքին»:
Մանրամասները՝ թերթի համարում: