Հոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:
Զորատեսակի առաջին ստորաբաժանումն ստեղծվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին, իսկ հոկտեմբերի 1-ին կազմավորվել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը և հաշվարկային-վերլուծական կայանը: Հետագայում բացվել են նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրվել են խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև հանրապետությունում պահեստազորից մասնագետներ զորակոչելով: 
Հաշվի առնելով կատարվող աշխատանքի ծավալը` 1997թ. մարտ ամսին պաշտպանության նախարարի հրամանով ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը վերածվեց վարչության, որը ղեկավարում է գնդապետ Սարգիս Արզումանյանը:
ՌՔԿՊ զորքերը անմասն չեն մնացել Արցախյան պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում: Մարտական գործողություններին անմիջական մասնակցությունից բացի, մասնագետները սահմանամերձ տեղամասերում և հակառակորդի հավանական հարձակման ուղղություններով տեղադրել են հրանետներ, կազմակերպել են անձնակազմի ուսուցումը, իրականացրել են մարտադաշտից հավաքված` մանրէներով վարակված և վերանորոգման ենթակա տեխնիկայի հատուկ մշակումը:
Այսօր արդեն տեղծվել է նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, ՀՀ ԶՈՒ զորամիավորումներն ու զորամասերը ապահովվել են անհատական պաշտպանական լրակազմերով և հակագազերով, ռադիացիոն, քիմիական հետախուզման մեքենաներով ու սարքերով, հատուկ մշակման տեխնիկայով ու միջոցներով: Այսօր արդեն զորատեսակը ամբողջովին կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի զինված ուժերի զարգացման գործում:
Ստեղծման օրվանից ՌՔԿՊ զորքերի գործունեությունը կազմակերպվում է երկու ուղղություններով` հակառակորդի` ռադիացիոն, քիմիական, կենսաբանական միջոցների կիրառմամբ հավանական հարձակման դեպքում զորամասերի ու ստորաբաժանումների կողմից մեր զինծառայողների ու քաղաքացիական բնակչության պաշտպանություն և ԶՈՒ անձնակազմին անհատական պաշտպանական լրակազմերից ճիշտ օգտվելու ուսուցանում:
ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերն արդեն զարգացման բոլորովին նոր փուլ են մտնում: Մշակվել է զորքերի վերազինման ու կատարելագործման նոր ծրագիր, որի իրագործումը թույլ կտա օգտագործել նաև հայրենական գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներն այս ոլորտում, զորքեր մատակարարել արտասահմանյան նմուշներին ոչնչով չզիջող հատուկ սարքավորումներ:
ՌՔԿՊ զորքերի վարչությունն ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Բազմաթիվ հայ սպաներ վերապատրաստվում են Եվրոպայում և այլ երկրներում, մասնակցում այնտեղ անցկացվող զորավարժություններին, ծանոթանում այնտեղ ընդունված աշխատաոճին, մասնագիտական սարքավորումներին ու տեխնիկային: 
ՌՔԿՊ վարչությունը ակտիվորեն համագործակցում է նաև քաղաքացիական գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ: 
Համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների հետ՝ ՀՀ ԶՈՒ մարտական հաշվարկները մշտապես մասնակցում են ՆԱՏՕ-ի ծրագրով պարբերաբար անցկացվող արտակարգ իրավիճակներում գործելու վարժանքներին:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					