«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ըստ Maxinfo-ի տեղեկությունների՝ օրերս Չեխիայում ձերբակալվել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը, ով մեղադրվում է 2009-ին ՊԵԿ նախագահ, այժմ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Երեկ սույն տեղեկությունը ճշտեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից. մեր հարցին ստացանք գրավոր պատասխան. «ՀՀ գլխավոր դատախազությունը, տեղեկատվություն ստանալով հետախուզվող Ռոբերտ Երիցյանի՝ Չեխիիայում գտնվելու վերաբերյալ, Չեխիայի իրավասու մարմիններին ներկայացրել է Ռոբերտ Երիցյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն:
Ռոբերտ Երիցյանը հետախուզման մեջ է գտնվում 10. 06. 2009 թ.-ից: Նա մեղադրվում է պետական գործչի սպանության փորձ կազմակերպելուն դրդելու համար՝ ՔՕ 34-38-305 հոդվածներով»,- ասում է դատախազության պատասխանատուն: ՀՀ դատախազությունն այս պատասխանով ոչ հաստատել և ոչ էլ հերքել է Ռոբերտ Երիցյանի ձերբակալման մասին լուրը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև Ալբերտ Երիցյանից, ով մինչ հարցը լսելը չէր հերքել, որ ինքը Երիցյանն է, իսկ հարցը լսելուց հետո ասաց. «Այս համարը Երիցյանինը չի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: