«Ժամանակ» թերթը զրուցել է ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ։ Ձեզ ենք ներկայացնում հատված հարցազրույցից.

«- Պարոն Գասպարյան, ես գիտեմ, որ այս տարի Դուք մի քանի հրավեր մերժեցիք Թուրքիայից: Ինչո՞ւ մերժեցիք, հատկապես, որ այս տարի Սերժ Սարգսյանն Էրդողանին հրավիրեց 2015-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան: Արդյոք հարևանների հետ ինչ-որ կերպ չպե՞տք է սկսել հարաբերվել:

- Ես մի փոքր ավելի խորը մտածեցի: Քանի որ քաղաքականության մեջ մտած մարդ չեմ, հնարավոր է՝ իմ գնալը սխալ լիներ, որովհետև մենք հիմա փաստորեն պահանջում ենք մեր Եղեռնի 100-ամյակը, ես չկողմնորոշվեցի՝ արդյոք իմ գնալը ճի՞շտ է, թե՞ սխալ: Չնայած դրան՝ թուրք շատ բարեկամներ ունեմ, որոնք համաձայն են, որ իրենց կառավարությունն ընդունի Եղեռնը: Սա էր հիմնական պատճառը, որ մերժեցի, համ էլ ոտքս ցավում էր: Հիմա նորից հրավեր ունեմ՝ նոյեմբերին հրավիրել են Ստամբուլ, Անկարա, որպեսզի սիմֆոնիկ նվագախմբի հետ 40 րոպե նվագեմ՝ իմ ծրագրով, ինչ երգեր ես ցանկանամ նվագել: Հիմա, ճիշտն ասած, մտածում եմ՝ գնա՞մ, թե՞ չգնամ: Դրա համար պիտի քաղաքականությամբ զբաղվող մարդկանց հետ խորհրդակցեմ՝ չսխալվելու համար: Հիմա ում տունը մտնես, քաղաքականությունից են խոսում, բայց շատերը չեն հասկանում: Արվեստը և քաղաքականությունը տարբեր բաներ են: Ես իմ ողջ կյանքը զբաղվել եմ արվեստով, քաղաքականությամբ չեմ զբաղվել:

- Պարոն Գասպարյան, գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից սկսած՝ իշխանությունների կողքին եք եղել: Ձեր արվեստը եղել է ժողովրդինը, իսկ Դուք եղել եք իշխանությունների կողքին: Հիմա որտե՞ղ եք:

- Ինձ այնքան էլ դուր չի գալիս «իշխանությունների կողքին» խոսքը, բայց մենք աշխատում էինք պետական խմբերում և աշխատավարձ էինք ստանում: Այսինքն՝ ես կարող էի գնալ ամեն տեղ նվագել, բայց ոչ՝ արտասահմանում: Իրենք պիտի ինձ կանչեին: Ես շատ եմ շրջագայել, 40-50 թվականներից շրջագայում եմ, շուրջ 64 տարի: Այսքան տարիների ընթացքում ես ոչ մի անգամ ֆոնոգրամա չեմ օգտագործել, կենդանի նվագում եմ մինչև այսօր: Ինձ հարգել են, որովհետև ինձ ճիշտ եմ պահել, ուրիշների գործերին չեմ խառնվել:

- Ի՞նչ է նշանակում՝ «ճիշտ եմ պահել»:

- Այսինքն՝ իմ աշխատանքից չեմ ուշացել, պարտաճանաչ եմ եղել, իմ արվեստով բարձր եմ գնահատվել: Ես ԽՍՀՄ կողմից այնքան պարգևատրություններ ունեմ, որ եթե մի մեծ արկղի մեջ լցնեմ, կլցվի: Ես 1947 թվականին Ստալինից ժամացույց եմ նվեր ստացել՝ որպես ինքնագործ խմբում նվագող: Այն ժամանակ ինքնագործն ու պրոֆեսիոնալը տարբեր էին, հիմա նման բան չկա, բոլորն աստղ են. դա է սխալը:
Ինձ միշտ կառավարությունը լավ է գնահատել, այսօր էլ Սերժ Սարգսյանն է լավ գնահատում, Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես: Նրանք լավ են տրամադրված եղել իմ նկատմամբ, ավելի ճիշտ՝ ես ինձ ճիշտ եմ պահել, և իմ արվեստը նրանք գնահատել են: Իմ 80-ամյակին աշխարհի տարբեր երկրներից եկել էին, 8 ժամ համերգ էր ընթանում, Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը նստած էին դահլիճում: Բոլորը զարմացել էին, որ նախագահը 8 ժամ կարող է նստել համերգին»:

Հարցազրույցին ամբողջությամբ և առավել մանրամասն կարող եք ծանոթանալ  թերթի այսօրվա համարում: