«Հայկական ժամանակը» գրում է.

«Երեկ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած ոչ իշխանական եռյակի հանրահավաքը վատագույն դեժավյուների մի հսկայական հարուցիչ դարձավ:

Հանրահավաքը մինչև վերջ ընթացավ անորոշության ճնշող մթնոլորտում, երբ այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ առիթով են մարդկանց հավաքել հանրահավաքի կազմակերպիչները:

Այս իրավիճակի կուլմինացիան դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Նա իր խոսքում անդրադառնում էր այն ուժերին, ովքեր Եռյակի պայքարին կմիանան առաջիկա ամիսներին, և սույն ակնարկը, թե հերթական այս պայքարն ամիսներ է տևելու, հավաքվածներին դուր չեկավ. «Հի՛-մա, հի՛-մա» սկսեցին վանկարկել մարդիկ:

2013թ.-ի ապրիլի 9-ին հենց այս վանկարկումներից հետո էր Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց բարձրանալ Բաղրամյան պողոտա, և պողոտայի մուտքին, հանդիպելով ոստիկանական շարքերին, որոշեց Վլադիմիր Գասպարյանի հետ երթով գնալ Ծիծեռնակաբերդ:

Այս անգամ «հիմա»-ներին ի պատասխան, նա ընդհատեց ելույթն ասելով, որ երկու րոպե ընդմիջում է վերցնում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցելու հետագա անելիքների վերաբերյալ:

Հենց հարթակում նա մոտեցավ Ծառուկյանին և Տեր Պետրոսյանին, ինչից հետո ամբիոնի մոտ եկավ Ծառուկյանն ու ասաց, որ այս հանրահավաքում ելույթ չի ունենա:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կիսատ մնաց, ապա ելույթով հանդես եկավ Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահի խոսքը կարծես 2008թ.-ից հետո նրա ունեցած վիճահարույց կտորների հավաքածու լիներ: Տարբեր ժամանակների ելույթներում այդ կտորները հնչել էին և արժանացել ոչ միանշանակ ճակատագրի, երեկվա ելույթում, ահա, մեկտեղվեցին և հավաքվեցին մեկ տեքստում»:

Ավելի մանարասն կարդացեք թերթի այսօրվա համարում: