«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի անտառում երկու համագյուղացիներ՝ հայր ու որդի Գուգո և Կամո Մանուկյանները, փայտի հարցի շուրջ վիճաբանել են նույն գյուղի բնակիչներ հայր ու որդի Կարեն և Արմեն Սարիբեկյանների հետ: Բանը հասել է կացնով միմյանց հարվածելուն:

Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց կացնով ծեծի ենթարկված Արմեն Սարիբեկյանի կնոջ՝ Գայանե Սարիբեկյանի հետ: Նրա պատմելով՝ գրեթե ամեն տարի իր ամուսինն ու որդին՝ Արմենն ու Կարենը, գնում են համայնքի անտառ ու ձմեռվա համար փայտ հավաքում. «Մենք անտառապահից օրենքով թույլտվություն ունենք և գրեթե ամեն տարի որևէ խնդիր չենք ունեցել: Հավաքածն էլ չոր փայտ է: Երբ մերոնք հասնում են անտառ, նրանց ճանապարհը կտրում է մեր գյուղի Կամոն՝ իր երկու որդիների հետ, և ասում, թե՝ դու ստեղից փետ չես տանի, և սրանից էլ ամեն ինչ սկսվել է»:

Ըստ մեր զրուցակցի, Կամոն աչք է ունեցել այդ տարածքի չոր փայտի վրա և. «Սկսել են կռվել ու կացնի հակառակ՝ բութ մասով, Կամոն ծեծել է ամուսնուս և որդուս: Անտառապահն այդ ժամանակ այդտեղ չի եղել: Ամուսինս ծեծի ժամանակ փորձել է զանգել ծանոթ մարդկանց, որ օգնության հասնեն, բայց բոլոր մեր ծանոթները շատ հեռու են եղել ու մինչեւ կհասնեին դեպքի վայր, ամուսինս փրկության համար շտապ զանգել է ՀՀ ոստիկանություն»:

Գայանեի խոսքով՝ ամուսինը՝ Արմենը, խուսափելով հնարավոր արյունահեղությունից, վերցրել է իր որդուն և փախել անտառ, թաքնվել: «Ամուսնուս ձեռքից ձին վերցրել են ու ձիերի վրա նստած՝ Կամոն ու իր որդին հսկել են ողջ անտառը, որ հանկարծ մերոնք չիջնեն գյուղ: Երբ ոստիկանությունը եկավ, նոր մերոնք կարողացան իջնել անտառից: Դա էլ դեռ քիչ է, մեր ձին էին տարել ու չէին տալիս: Անտառապահը գնացել, ասել է, թե վերադարձրեք այդ մարդու ձին: Նոր բերել, կապել են գյուղի մեջ, որից հետո կարողացել ենք գնալ, վերցնել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: