Լույս է տեսել լեգենդար ABBA խմբի մենակատար Ագնետ Ֆելտսկոգի «When You Really Loved Someone» երգը: Մայիսին տեղի կունենա նրա նոր ալբոմի շնորհանդեսը, որի մեջ կա նաև այդ երգը: Սակայն ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ երգչուհին այնքան անինքնավստահ է եղել, որ կրկին երգի դասընթացների է հաճախել: Գրում է Itar-tass-ը:

Նորվեգական հեռուստահաղորդավար Ֆրեդրիկ Սկավլանի հետ հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ այդ ալբոմը ընդհանրապես չպետք է լույս տեսներ:

«Այդ ձայնասկավառակը ընդհանրապես չէինք պլանավորել: Մտածում էի, որ նախորդը կլինի իմ վերջին սկավառակը: Բայց, երբ այդ երգերը լսեցի, հասկացա, որ ես պետք է  դա անեմ»,- ասել է երգչուհին:

Ագնետ Ֆելտսկոգը ակտիվորեն մասնակցում էր Յուրգորդենում պատրաստվող ABBA թանգարանի աշխատանքներին, սակայն իր ալբոմի պատճառով չի կարող ներկա գտնվել մայիսին թանգարանի բացմանը:

«Ես անպայման կայցելեմ թանգարան: Ես այնքան շատ եմ աշխատել այդ թանգարանում, տվել ոսկե ձայնասկավառակներ և զգեստներ»,- ասել է երգչուհին: