Գևորգյան հոգևոր ճեմարանը դարձավ 140 տարեկան: Ահա այսպիսի վերնագրով իր ֆեյսբուքյան էջին գրառում է թողել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հայտնելով, Գևորգյան ճեմարանի կարևորության և կատարած աշխատանքների մասին: 

«Այս նշանակալի իրադարձությունը տոն է ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, բոլոր ժամանակների ճեմարանականների, այնպես էլ ողջ հայության համար, քանի որ Գևորգյան հոգևոր ճեմարանն է անդրանիկը հայրենիքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների:

Գևորգյան հոգևոր ճեմարանը, հիմնադրվելով մեր պետականության բացակայության պայմաններում, դարձավ լուսե փարոս, հույսի մի շող հայ ժողովրդի գոյության խավար ճանապարհներին: Այստեղից ծնվեցին ժամանակի գրեթե բոլոր առաջամարտիկները ամենատարբեր ասպարեզներում: Լուսավորչի հիմնած Աթոռից սկսեցին ծնվել նոր լուսավորիչներ, որոնք հիրավի իրենց տեղը զբաղեցրեցին մեր մեծերի համաստեղության մեջ:

Անգնահատելի է Գհճ-ի ավանդը հայրենի գրականութհան, գիտության, հասարակական-քաղաքական մտքի, մանկավարժության զարգացման բնագավառում: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ Ճեմարանն այսօր ևս շարունակում է մնալ իր բարձունքի վրա:
Այս տոնական առիթով առաջին հերթին մեր ջերմագին շնորհավորանքներն ենք փոխանցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին՝ մոտիկից իմանալով Նորին Սրբության ամենօրյա հայրական հոգածությունը հանդեպ ճեմարանի: Մեր շնորհավորանքներն ենք հղում նաև պրոֆեսորամանկավարժական կազմին և բոլոր սաներին այս գեղեցիկ և պատմականորեն հարուստ հոբելյանի առթիվ:

Բոլոր համալսարանականներին մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` ի նպաստ մեր երկրի բարեկեցության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հզորացման: