2014 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 18:40-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 18:05-ին, հրազենային վնասվածքով հոսպիտալ է տեղափոխվել Արման Մանուկյանը, ով գիտակցության չգալով՝ մահացել է, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը։

Փաստի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրն սպանվածի եղբայրը հաղորդում է տվել, որ 2014 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Բանավան» թաղամասում իրեն պատկանող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել Վարդենիս քաղաքի բնակիչ Գալստյանն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որից իջել է Ս.Կարապետյանը և իր մոտ գտնվող ինքնաձիգից մեկ անգամ կրակել իր եղբոր` Արման Մանուկյանի վրա և դիմել փախուստի:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։

2014 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 23:10-ին, Ս.Կարապետյանը կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ հայտարարելով, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Պասյոլոկ» թաղամասի տարածքում վիճաբանության ժամանակ իր կողմից ներկայացված «ԱԿՍ» տեսակի 5,45 մմ տրամաչափի, գործարանային համարի ինքնաձիգից մեկ անգամ կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Արման Մանուկյանին, որից հետո ավտոմեքենայով դիմել է փախուստի՝ իր հետ տանելով ինքնաձիգը:

2014 թվականի հոկտեմբերի 13-ին` ժամը 01:00-ին, Սասուն Կարապետյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց:

Հարուցված քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, տուգանային հրապարակ են տեղափոխվել նաև նշված անձանց ավտոմեքենաները, զննվել։
Նախաքննությունը շարունակվում է: