Ֆաուստի կերպարի նոր մեկնաբանություն, կնոջ անսահման երևակայություն, տարածության, ժամանակի ու ձևի կարծրատիպերի ոչնչացում, սպանություն… Սա երիտասարդ ստեղծագործող Անուշ Քոչարյանի «ՖԱՈՒՍՏուտոպիա» պիեսն է, որը երկար սպասումից հետո ներկայացվեց հանրային քննարկման:  Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց նմանատիպ քննարկում, երբ դերասանները կարդում են պիեսը, իսկ ոլորտի կայացած մասնագետները քննադատում, կարծիք հայտնում ու խոսում իրենց տպավորությունների մասին:  Tom Collins ակումբում բացառիկ գրական մթնոլորտ էր՝ գրականագետներ, արվեստագետներ, ռեժիսորներ, բեմադրիչներ ու կինոգետներ:

Գործողությունների շղթան սկսվում է անակնկալ երկխոսությամբ եւ շարունակվում անսպասելի ուղղություններով: Կնոջ հիմնական ենթագիտակցական շերտերը, որտեղ բնակվում են պիեսի հերոսները` Երևակայական գեղեցկուհին, Ֆաուստը, սիրեկանները, լցվում են տարատեսակ մտքերով: Գոյություն ունի միայն տիկին Մ-ն եւ սիրեկանները:   

Իրականությունն էլ միաձուլվում է երևակայությանը այնքան ժամանակ, քանի դեռ  չի  հայտնվում քննիչը: Հեղինակի հավաստմամբ՝ պիեսում ինքն է՝ ամբողջությամբ, իսկ թե արդյոք չի վախեցել այսչափ անկեղծացումից, yerevannews-ի հետ զրույցում ասաց.«Եթե ստեղծագործելու ժամանակ կա մի բան, որից ես վախենում եմ, դա ես եմ, եթե կյանքում էլ կա մի բան, որից վախենում եմ, կրկին՝ ինքս եմ: Շատ դժվար է ստեղծել քո կավճե շրջանը մի այլ մեծ շրջանի մեջ, որը ավելի հաստատուն սահմաններ ունի: Ստացվում է, որ կամ պետք է ձգտես արդեն հաստատուն սահմաններին, ինչը իմը չէ, կամ էլ այնքան լայնացնես շրջանակդ, որ քո և նրանց արանքում մնա մի նեղ շերտ, որն էլ արդեն փոխակերպված ինֆորմացիան է՝ ինքը՝ ստեղծագործությունը»:

Հանրային ընթերցումը հնարավորություն տվեց Անուշ Քոչարյանին նորովի նայելու, լսելու ու վերարժեվորելու իր աշխատանքը:

Yerevannews-ի հետ զրույցում պիեսի հեղինակը նշեց. «Շատ դժվար է ստեղծագործող մարդու համար վերանայել տեքստը, վերանայել ուրիշների կարծիքները լսելուց հետո, ովքեր ոլորտում արդեն կայացած մասնագետներ են: Միևնույն ժամանակ շատ կարևոր էին բոլոր քննադատություններն ու առաջարկությունները, որովհետև ինքս էի որոշել հանդես գալ համարձակ քայլով, որպեսզի հետագա դրամատուրգիական գործերում ստեղծագործական աճ ունենամ»:

Պիեսը ընթերցեցին երիտասարդ դերասաններ Զարուհի Հակոբյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Ամալի Քոչարյանը, Սամվել Գեւորգյանը, Լեւս Դավթյանը եւ Աշոտ Ղազարյանը:   Հանրային քննարկմանը հրավիրված հատուկ հյուրերն էին ռեժիսոր, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը, կինոգետ Զավեն Բոյաջյանը, ռեժիսոր-բեմադրող Սուրեն Շահվերդյանը,  բանաստեղծ Վահե Արսենը, և այլոք:  կինոգետ Հարություն Զուլումյանը, քանդակագործ-արվեստագետ  Վիգեն Ավետիսը (Իտալիա) եւ այլք: