ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա. Սորոկինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերեց մարդկանց և շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորություններն ավելացնող արդի սարքավորումներ, մասնավորապես՝ դաշտային շարժական սպեկտոմետր, որը հնարավորություն է տալիս դաշտային պայմաններում կատարել մեծ ճշտություն ապահովող քիմիական վերլուծական աշխատանքներ, ինչպես նաև՝ համակարգիչներ, նոութբուք և տպիչ/սկաներ:

Վերջիններս կօգտագործվեն ՀՀ տարածքում գտնվող ժամկետանց թունաքիմիկատների և աղտոտված տարածքների տվյալների բանկի ստեղծման և քիմիական մոնիթորինգի տվյալների պահպանության համար: Սարքավորումները զգալիորեն կընդլայնեն նախարարության ստորաբաժանումների հնարավորությունները՝ հայտնաբերելու և վերլուծելու շրջակա միջավայրում վնասակար մասնիկների առկայությունը:

ԱԻ նախարարը բարձր գնահատեց համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ և հատկապես կարևորեց թունաքիմիկատների մասով ԵԱՀԿ գրասենյակի հետ համատեղ աշխատանքների շարունակականությունը:


Դեսպան Ա. Սորոկինն իր հերթին նշեց, որ համագործակցությունն ԱԻՆ-ի հետ ամենաարդյունավետներից է և ունի կոնկրետ ուրվագծված ձևաչափեր, որոնք, անշուշտ, շարունակական բնույթ են կրելու:

Ի հավելումն, գրասենյակը հաջորդ ամսվա ընթացքում պլանավորում է տրամադրել նաև պաշտպանական հանդերձանքներ, որոնք ընդգրկում են քիմիական պաշտպանության կոստյումներ, դիմակներ, ձեռնոցներ, ռետինե երկարաճիթ կոշիկներ և պաշտպանող ակնոցներ:

Հիշեցնենք, որ նվիրատվությունը 2013թ. ԵԱՀԿ կողմից իրականացված ծրագրի շարունակությունն է՝ ուղղված Երևանի շրջակայքում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա թունաքիմիկատների ծավալի ու պարունակության բացահայտմանը: