«Խաչքարերը մեր կոթողային հուշարձանների հիանալի նմուշներն են: Չնայած որոշ ընդհատումների, բայց  ԽՄ տարիներից ի վեր և վերջին երեսուն-քառասուն տարվա ընթացքում Հայաստանում խաչքարագործությունը մի նոր զարգացում է ապրում»- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը: Ողջունելով նաև նոր խաչքարագործներին` Այվազյանը սակայն նշեց, որ ժամանակակից խաչքարագործությունը տարբերվում է հին խաչքարագործությունից: Տարբերվում են նախշերը, զարդերն են ուրիշ: Նոր ժամանակները իրենց հետ բերում են նոր մոտեցումներ: Այսօր փոխվել է նաև «կանոնակարգը»: Եթե նախկինում խաչքարագործությունը ուներ կանոնիկ կարգեր, այսինքն եկեղեցին էր հետևում այդ աշխատանքներին, մեր ժամանկաներում այդ հսկողությունը չկա և աշխատում են ինքնուրույն: Պրն Ավազյանը այս հարցում  լուծման իր ձևն է առաջարկում. «Շատ լավ կլինի, որ մեր ժամանակակից խաչքարագործները, քանդակագործները, քարագործ վարպետները հանդիպեն մեր տարիների փորձ ունեցող վարպետների հետ, քննարկումներ լինեն, առաջարկներ,խորհուրդներ: Կարծում եմ այդ դեպքում արդյունքն էլ ավելի լավ կստացվի»:

     Հայագետը, խոսելով Ջուղայի կործանված խաչքարերի մասին, մեծ վրդովմունք հայտնեց, որ անուշադրության են մատնված այդ խաչքարերը և դրանց ճակատագրով հետաքրքվողները շատ քիչ են: Ընդգծեց, որ խաչքարերը եղել ու մնում են մեր մշակույթի մեծ ձեռքբերումներից: Նա նաև կարևորեց Ջուղայի խաչքարերի վերանորոգման, կրկնօրինակման աշխատանքները: Անհատ քանդակագործներ իրենց նախաձեռնությամբ և անձնական միջոցներով ստանձնել են այդ խաչքարերի վերականգնման աշխատանքների պատասխանատվությունը: Այսօր մոտավորապես հիսուն խաչքար արդեն վերականգնվել է: Դրանցից քսանը այժմ գտնվում է Գյումրիի խաչքարերի պուրակում: Այս խաչքարերի վերականգնման գործում  մեծ է նաև խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի դերը. «Խաչքարը ինձ համար չունի ներկա, անցյալ, ապագա, այն մարմնավորումն է մեր ժողովրդի, մեր ժողովրդի դիմագիծն է և դրա մեջ կա և երգ, և աղոթք, և մշակույթ և գիտություն: Այս ամենը ես անում եմ սիրով ու շարունակելու եմ իմ աշխատանքը», - նշեց պրն Համբարձումյանը: