«Հրապարակ» թերթը գրում է.
«Արագածոտնի մարզպետարանի կրթության և սպորտի վարչության նախկին պետ Պարգև Համբարձումյանը, ով մոտ 8 ամիս է, ինչ կալանավորված է, մեր տեղեկություններով, սկսել է խոսել իր նախկին ղեկավարի դեմ:
Հիշեցնենք, որ Համբարձումյանը կալանավորվել է այս տարվա փետրվարին` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է հասցրել անձանց, կազմակերպությունների շահերին: Սակայն, որոշ տեղեկություններով, նրան մինչ օրս կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել:
2009թ. վարչության պետի պաշտոնն զբաղեցնող անձի կալանավորման գործով ամեն ինչ արվեց, որ աղմուկ չբարձրանա: Չմեկնաբանվեց, թե պաշտոնական դիրքի ինչ չարաշահում է կատարել նա, և մինչև ուր է հասնում այդ «չարաշահումը»: Մարզում խոսում են, որ Համբարձումյանին պարզապես «ժերտվա» են տվել` որպես դպրոցներում աշխատանքի տեղավորելու համար «կաշառք» պահանջող անձի, որովհետև իրականում նա առանց իր վերադասի համաձայնության դա չէր կարող անել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: