Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը առաջարկով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի տոնն արդեն անցավ: Ինչպես իր ֆբ էջում իրավացիորեն նկատել էր լրագրող և փաստաբան իմ բարեկամը, այն ավելի շքեղ էր կազմակերպված, քան Հայաստանի անկախության տոնի օրը: Տեսնես ո՞վ է անկախության տոնի տերը: Երևանի փողոցներն այս օրերին իսկապես մարդաշատ էր և ուրախ: Առաջին անգամ սոցիալապես խիստ անապահով երևանցիները Երևանի տոնի առթիվ ստացան տարբեր կենցաղային ու համակարգչային ապրանքներ (50 մլն. քաղաքապետարանի սոցիալական ծրագրերի բյուջեից): Որոշ երևանցիներ ստացան բնակարաններ, որի համար շնորհավորում եմ նրանց, բայց անձամբ շատ ավելի ուրախ կլինեի, եթե մի բնակարան էլ ստանար երկար տարիներ անօթևանների կացարանում 80-ամյա մոր հետ ապրող 35-ամյա Գարեգին Կալաջյանը, ով իմ միջոցով նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետին:
Երևանի տոնից առաջ ես 10 օր Տավուշում էի: Ժողովուրդը շատ տխուր էր ու տարբեր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ նրանք շեշտում էին, որ իրենք անուշադրության են մատնված, ամեն ինչ արվում է Երևանի համար, մարզերի քաղաքներին ու գյուղերին կառավարության կողմից հատկացված գումարները չնչին են և իրենց երեխաները զրկված են զբոսայգիներից և զվարճանքի ամենատարրական օջախներից, չունեն արտադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն, ամեն ինչ կենտրոնացված է Երևանում: Նրանք վիրավորվում են կառավարության այս ակնհայտ խտրական քաղաքականությունից: Ես էլ եմ վիրավորվում այդ վերաբերմունքից, մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերի ժողովուրդն արժանի է պետական լուրջ հոգածության, ներդրումների այնպիսի քաղաքականության, որի արդյունքում գյուղացին ավելի կկառչի իր բնակավայրին, այնինչ կառավարության այսօրվա քաղաքականությունը տեղահանության քաղաքականություն է, գյուղերը դատարկվում են, ինձանից լավ գիտեք:
Ըստ քաղաքապետարանի հայտարարությունների, տոնի վրա ծախսվեց մոտավորապես 200 մլն դրամ, ընդ որում, Երևանի բյուջեից՝ 120-130 մլն, իսկ մնացածը՝ տարբեր գործարարների ներդրումներն են: Մի՞թե ավելի խելացի չենք լինի, եթե Երևանի ծնունդը նշենք կլոր տարեթվերին՝ 5 տարին մեկ, իսկ ամեն տարվա քաղաքապետարանի բյուջեից ծախսվող այդ գումարով լուծենք անօթևանների, սոցիալապես անապահով ընտանիքների և երիտասարդ ընտանիքների բնակարանների հարցերը: Կամ այդ գումարից Երևանի տոնի առթիվ ամեն տարի մի սահմանամերձ գյուղին որևէ նշանակալի նվեր անենք: Հիմա կասեք դա Երևանի բյուջեն է, իհարկե հասկանում եմ, բայց ցանկության դեպքում այդ նպատակով գումարը տրամադրելու համար ձևը կարելի է գտնել:
Երևանի քաղաքապետին ուղղված այս հրապարակային առաջարկս դնում եմ քննարկման: Կցում եմ նաև անօթևան Գարեգին Կալաջյանի նամակը՝ ուղղված Տարոն Մարգարյանին.
«Հարգելի քաղաքապետ,
Ձեզ գրում է 1995 թվականից անօթևան դարձած Գարեգին Կալաջյանը: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի տոնի առթիվ ստացածս այփադի համար, զգացված եմ, բայց մի մեծ խնդրանք ունեմ:
Արդեն երկար տարիներ դեգերում ենք ես և մայրս: Հիմա գտնվում ենք անօթևանների Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի ժամանակավոր կացարանում: Ունեմ նաև կին, ով կույր է և երկրորդ կարգի հաշմանդամ ու իր տարեց մոր հետ ապրում է ինձանից հեռու՝ ծերանոցում և իմ կարիքը շատ են զգում իրենք: Կնոջս մայրն էլ 80 տարեկան է և սրտից հիվանդ : Խնդրում ենք Ձեզ, որ մեր ընտանիքին տեղ հատկացնեք, որ կարողանանք ապրել»: