«Առավոտ» թերթը գրում է.

«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց. «Միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի մյուսներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ու ժողովրդի բարօրության համար»։

«Առավոտը» սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք այս գնահատականի հետ։ Նա պատասխանեց. «Ես որակումների հետ ակնհայտորեն համաձայն չեմ։ Կարծում եմ՝ առաջին նախագահն ինքը պետք է հետևի իր հորդորին, երբ ասում է՝ քաղաքական բառապաշարը պետք է փոխվի։ Այդ տեսակետից օգտագործված բառապաշարը ոչ միայն իր արտահայտված խոսքից շեղվում է, այլ նաև ես իր խոսքից հասկացա, որ մարդիկ խորամուխ չեն եղել սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը։

Բնականաբար, իշխանությունը կարող է ցանկանալ վերարտադրվելու մեխանիզմներ, սակայն հարցը հետևյալն է՝ իսկ մենք ի՞նչ ենք ցանկանում։ Եթե ցանկանում ենք վերարտադրության դեմն առնել, նշանակում է այդ համակարգը սահմանադրական մակարդակով պետք է փոփոխվի, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի, այլ ոչ թե անձի փոփոխության պահանջ դնելով՝ մտածենք, որ այդպիսի վերարտադրությունը կբացառվի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: