Այսօր «Նոյեմբերի 5-ի» դեպքի առթիվ տեղի ունեցող դատական նիստի ժամանակ Շանթ Հարությունյանի որդին՝ 15 ամյա Շանհենը, բոլորին զարմացրեց իր ասված վերջին խոսքով. «Այո, խփել եմ ոստիկանին, ու չեմ զղջում դրա համար: Իսկ եթե կրկնվի, նորից կխփեմ: Ես շարունակելու եմ իմ ազգի պայքարը, որը սկսվել է դեռևս հորս պապից»,- այսպիսին էր Շահեն Հարությունյանի վերջին խոսքը: Դա լսելով Շանթ Հարությունյանը հպարտությամբ հայտարարեց, որ յուրաքանչյուր հայ այսպես պետք է դաստիարակի իր որդուն:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանի շահերի ներկայացուցիչը պաշտպանական ճառով հանդես եկավ և ներկայացրեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ չի վնասել ոչ մի ոստիկանի. «Որի համար ներողություն է խնդրում»,- միջամտել է խոսակցությանը Շանթ Հարությունյանը:
Շանթ Հարությունյանը իր հերթին խոսել, բայց հայտարարել է, որ դա իր վերջին խոսքը չի լինելու. «Իշխանության ներկայացուցիչը չի կարող չլինել հանցագործ: Դա Հայաստանում օրենսդրություն է, ու նման պետությունում որևէ բան փոխելու համար նախ հեղափոխություն է պետք: Հիմա երբ ինձ ասում են, որ քաղաքացին իրավունք ունի երթեր, միտինգներ անի, ինձ չեն պաշտպանում օրենսդրորեն: Այստեղ ի սկզբանե իշխանության անօրեն քայլն է` դատավորին արգելելը ինքնուրույն որոշում կայացնելու: Թող գետինը մտնեն բոլոր իրավապահ մարմինները, միշտ Աղվան Հովսեփյանի անունն եմ տալիս, բայց բոլորին է վերաբերում, թող իրանք գետինը մտնեն, եթե կասեն, որ իրավական առումով քաղաքացուն պաշտպանել են»:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը ի պաշտպանություն Շանթի ասաց. «Ինչքա՞ն անբարոյական պետք է լինի մարդ, որ Շահեն Հարությունյանի համար վեց տարվա ազատազրկում պահանջի: Դուք բոլորդ հոգեբույժի լուրջ միջամտության կարիք ունեք: Բռնություն չգործադրեիք, ես էլ չէի պաշտպանվի: Անգամ ինձ ազատազրկման դատապարտելով` Դուք վախենում եք հենց ինձնից: Դուք գործել եք Հայաստանի Երրորդ Հանրապետության մեջ ամենամեծ դավաճանությունը` ստորագրելով Մաքսային Միությունը: Ես մայոր Արմեն Հովհաննիսյանն եմ, Երկրապահ կամավորական անդամ, զինված ուժերում քսան տարի մեդալներով: Ես քաղբանտարկյալ եմ, հալածվում եմ իշխանության կողմից` հայրենանվեր քայլիս համար: Ոչ մի կուսակցություն թող իրեն իրավունք չտա ընդդիմություն անվանելու, միայն մի ընդդիմություն կա, ու նստած է այստեղ` ամբաստանյալի աթոռին: Ես դիմում եմ բոլորին` եթե իմ կամ ընտանիքիս անդամների նկատմամբ որևէ բան կատարվի, իմացեք, որ դա իշխանության պատվերն է` վրեժխնդրությունից ելնելով: Պարոն դատավոր, առանց դատավճռի ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ անվանեց հանցագործներ: Ուստի միջնորդում եմ նրան հրավիրել դատարան` վկայություն տալու: Մայոր Հովհաննիսյանն իր ճառը վերջացրեց»:
Հիշեցնենք, որ այսօր դատական նիստին ներկա էն գտնվում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: