Միշտ չէ, որ Կարմիր Խաչը կարող է բոլոր մանրամասները հայտնել, այսօր՝ հոկտոմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով այն փաստին, որ դեռևս մանրամասն տեղեկատվություն չի հրապարակվել Կարեն Պետրոսյանի դին Հայաստանի իշխանություններին հանձնելուց հետո:
«Շատ հարցեր, որոնցով հետաքրքրված է հանրությունը, մնում է միայն երկխոսության շրջանակներում, բազմաթիվ հարցեր, որոնք բանակցությունների թեմա են, ի շահ մեր քաղաքացիների, մնում են «բեմի հետևում», ասել է Զ. Ամատունին՝ հավելելով, որ շատ հարցեր չեն բարձրաձայնվում դեպքին հետևողական մոտեցում տալու համար: «Հավելյալ տեղեկություններ տարածելը մնում է մեր հնարավորություններից դուրս», նշել է նա: Բանախոսի խոսքով, դա ներքին խնդիր է, և պետք է իշխանությունը որոշի:
Անդրադառնալով միջազգային մի շարք կոնվենցիաների պահպանմանը մեր երկրում, Զ. Ամատունին գոհունակությամբ նշեց, որ իրենց կազմակերպության և Հայաստանի Պաշտպանության նախարարության միջև արդյունավետ համագործակցություն է տեղի ունենում:
Զ. Ամատունու խոսքով, այս պահին Ադրբեջանի տարածքում հայ ռազմագերիներ չկան: Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում կա 5 հոգանոց հայ ընտանիք: