Ադրբեջանում քաղաքական ընդդիմության համար անհրաժեշտ մակարդակի հարթակ չկա, քանի որ ադրբեջանական ընդդիմությունը խմբակցություններ չունի խորհրդարանում: «Հենց այդ պատճառով էլ վտանգ կա, որ արմատական կրոնական խմբերը կարող են վերածվել քաղաքական ընդդիմության Ադրբեջանում և լրացնել այդ բացը»,- այս մասին ադրբեջանական Publika.az-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան:

Պատգամավորը նշել է, որ արմատական կրոնական խմբավորումները կարող են քաղաքական ընդդիմության վերածվել Ադրբեջանում: Պատգամավորի նշել է, որ Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիոն պատերազմը իրական է դարձնում նրանց տուն վերադարձը և ուշադրության է հրավիրել այն փաստին, որ տուն վերադարձող ադրբեջանցի ջիհադականները «կրոնական ընդդիմության» վերածվելու միտում ունեն:

Այս հարցով համակարծիք է նաև կրոնական կառույցների գծով Պետկոմիտեի նախագահի նախկին տեղակալ, փորձագետ Էլչին Ասգերովը, նշելով, որ չնայած ներկայում «Իսլամական ընդդիմության» վտանգը դեռևս փոքր է, բայց ասել, որ այն բացակայում է, ճիշտ չէ:

Փորձագետը ընդգծել է, որ  նրանք պոտենցիալ վտանգի աղբյուր են Ադրբեջանի համար: Չի բացառվում, որ նրանք կակտիվանան նաև քաղաքական ուղղությամբ:

Օրեր առաջ Եվրոպայի ինստիտուտի աշխատակից Նադանի Ֆրիդրիխսոնն էլ հայտարարել էր Ադրբեջանում «մահմեդական ընդդիմության» վտանգի մասին:
«Մահմեդական ընդդիմության հիմքը կարող են կազմել Սիրիայում հեղաշրջմանը մասնակցող, այժմ էլ տուն վերադարձող ջիհադական ադրբեջանցիները: Այդ տեսակետից, պայթյունավտանգ տարածաշրջանների թվին կարելի է դասել նաև Ադրբեջանին», ասել է փորձագետը:

Այդ մասին ազդարարոել է նաև ԱՄՆ-ի հեղինակավոր  «Stratfor» կենտրոնը: «ԻԼԻՊ-ի  գործոնը մոտ ապագայում կարող է վտանգի ենթարկել Կովկասը: Ադրբեջանի և Կովկասի մահմեդական բնակչությունը հակում ունի այդ խմբավորման նկատմամբ, և ապագայում դա կարող է գլխացավանքի վերածվել Բաքվի եւ Մոսկվայի համար»: