Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, կառավարությունը այսօրվա նիստում Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ:
Կառավարությունը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղական համայնքին նվիրաբերել է 0.72 հա մակերեսով հողատարածք՝ մանկապարտեզ և մարզադահլիճ կառուցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ավազակոպճային խառնուրդի հանքավայրը հատկացվել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց համայնքին, ինչը հնարավորություն կտա համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքն օգտագործել նպատակային:
Փախստականների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունը հստակեցրել է իրավական ակտերում կիրառվող կացարան/հանրակացարան եզրույթների սահմանումները, փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունված մի շարք որոշումներում:
ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կողմից զբաղեցրած շենք-շինությունների և հողատարածքների նկատմամբ պետական գրանցում իրականացնելու նպատակով կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչությանը գումար է հատկացրել չափագրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: