Երեկ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում կրկին ԳՄ նիստ էր հրավիրվել, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկությունների, քննարկվել է երեք հարց` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը ՌԴ և Բրյուսել, ներքաղաքական զարգացումներն ու Երևանի ավագանու ընտրությունները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստը նախատեսված էր ժամը 20:00-ին, սակայն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նիստի է եկել45 րոպե ուշացումով: Չնայած դրան` շատ պարտաճանաչ էին գտնվել ԳՄ մյուս անդամները, որոնք ճիշտ ժամանակին ՀՀԿ գրասենյակում էին: Առաջիններից մեկը, ով եկավ ՀՀԿ գրասենյակ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, այնուհետև` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մնացած անդամները: Գրեթե 2 ժամ տևած նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստի ժամանակ քննարկել են Սերժ Սարգսյանի հանդիպումների մանրամասները. «Երկու երկրների նախագահների հանդիպումը շատ արդյունավետ է եղել, ինչը բխում է դաշնակցային հարաբերություններից»: Շարմազանովն ասել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը ՀՀԿ-ն չի տա ԲՀԿ-ին. «Նման բան չի կարող լինել: Սենք այս ընտրություններին շատ լուրջ ենք պատրաստվում, քան նախորդ ընտրություններին»,-գրում է «Ժողովուրդ» թերթը: