«Եթե Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնց ես համակրում եմ և որոնց հայացքները հիմնականումում կիսում եմ, ապա Շանթ Հարությունյանը նրանցից մեկն է: Բայց հասկանալով, որ խիստ ոչ պոպուլյար կարծիք եմ արտահայտելու, չեմ կարող ասել, որ նա և նրա ընկերները չեն խախտել օրենքը:
Այն քաղաքական գործիչները, ովքեր դա պնդում են, պետք է հիշեն, որ նրանց ճնշող մեծամասնությունը եղել են իշխանության և վաղը կամ մյուս օրը նորից կլինեն: Նրանք կհանդուրժե՞ն պայթուցիկներով և փայտերով «երթը» ու Մաշտոցի պողոտայում «հրավառությունը»: Ոչ: Կարծում եմ ոչ մի, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրում պետությունը նման բան չի հանդուրժի:
Այլ բան է, որ 4, 5, 6 տարի պատիժներն, իմ կարծիքով, համաչափ չեն տղաների արարքներին: Իսկ անչափահասին այս պարագայում 4 տարի, թեկուզ պայմանական, պատիժ նշանակելն ընդհանրապես բարոյական նորմերից դուրս է:
Կտրականապես համաձայն չեմ նաև նրա հետ, որ Շանթին դատապարտելը վկայում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է:
Հայաստանն, իհարկե, ամենևին էլ ժողովրդավարական երկիր չէ: Մենք առաջ գնալու լավ շանս ունեինք, եթե անցած տարվա նոյեմբերի 29-ին ստորագրեինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Փոխարենը մեր իշխանությունն առանց մեզ՝ քաղաքացիներիս հարցնելու, մեր բախտն է կապել կործանվող կայսրության հետ: Հենց դրա դեմ միանգամայն արդարացիորեն հանդես էր գալիս Շանթ Հարությունյանը: Նրա քաղաքական գործունեությունը, վստահ եմ, կշարունակվի՝ ազատության, թե անազատության մեջ»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: