Ալեք Ենիգոմշյան: Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, 1955 թ: Բարձրագույն կրթությամբ` տնտեսագետ, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի շրջանավարտ (1973-78): Եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի պատասխանատու: 1980 թ. հոկտեմբերի 3-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում գործողության պատրաստության ժամանակ վիրավորվել է՝ կորցնելով տեսողությունն ու ձեռքը, և բանտարկվել: Եղել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկերն ու զինակիցը: 1996 թ-ից մշտապես բնակվում է Հայաստանում: 1996 թ-ից տնօրինում է Մոնթե Մելքոնյան հիմնադրամի աշխատանքները: Այժմ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում: Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի, «Նախախորհրդարան» ազգային- քաղաքական նախաձեռնության և նրա ստեղծած Արդարության ատյանի քարտուղարության անդամ է:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:45 սահմաններում, Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու Ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք և, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից: Եվ, չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:
ԱՍԱԼԱ-ի զինվորի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, կույր մարդու նկատմամբ իրականացվածը պարզապես մարդու իրավունքների կոպտագույն խախտում և քրեական հանցագործությունն չէ: Սա լկտի արարք և ոտնձգություն է ազգի նվիրյալի և Մոնթեի զինակցի դեմ: Ալեքը հարյուր հազարավոր հայորդիների համար հերոս է և գաղափարական դաստիարակ: Նրա սխրանք դարձած կյանքի առջև այդ երիտասարդները խոնարհվում են և ձգտում են նմանվել նրան: Մինչդեռ ապրող և պայքարող հերոսներն այսօր ամենավտանգավորն են ռեժիմի համար: Ուստի իշխանությունը բռնությամբ, խաբեությամբ և կեղծիքով յուրացրած հանցագործների նյարդերն արդեն տեղի են տալիս և նրանք այսպիսի վարքագծով ևս մեկ անգամ բացահայտում են իրենց ապազգային ու թշնամական բնույթը: