«Կենտրոնական բանկն ինքն է վերահսկում դոլարի գնի փոփոխությունը Հայաստանում: Տնտեսագիտական լեզվով դա ինտերվենցիա է: Այսինքն դոլարի որոշակի քանակ հանում է շուկա և գցում դոլարի գինը: Կամ հակառակ պրոցեսն է կատարում՝ պակասեցնում է դոլարի քանակը շուկայում և դրանով բարձրացնում նրա գինը»,- դոլարի գնի վերջին օրերի փոփոխությունների մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Սպառողների անհանգստության պատճառ կարո՞ղ է արդյոք դառնալ դրամ-դոլար տատանումները հարցին Արմեն Պողոսյանը պատասխանեց.
«Մեր ժողովրդի եկամտի աղբյուրը աշխատավարձը չէ միայն: Եկամտի աղբյուրի մոտավորապես 30 տոկոսը կազմում են տրանսվերները՝ ստացված ԱՄՆ-ից և Ռուսաստանից: Արտարժույթի տատանումների մեխանիզմը հենց կենտրոնական բանկի ձեռքում է, իսկ այսպիսի մանր տատանումները լուրջ անհանգստության առիթ լինել չի կարելի համարել»:
ՓՄՁ-ների համար դրամի արժեզրկումը ավելի ձեռնտու կարելի է համարել ըստ սպառողների ասոցիացիայի նախագահի:
«Դրամի արժեզրկումը ձեռնտու է այն առումով, որ մեր արտահանվող ապրանքները ունենում են լրացուցիչ արգումենտ՝ գործատուն դրամով է վճարում ամեն ինչի համար: Ներմուծողները՝ գնում են ապրանքը դոլարով, ներմուծում են Հայաստան, վաճառում են դրամով, դրամը կրկին վերածում են դոլարի, որ վճարեն պարտքերը»,- ասում է նա: