Լրատվամիջոցներում «սխալ» տեղեկատվություն էր տարածվել, իբրև արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը արդեն մեկ տարի է, ինչ հանդիսանում է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրի սեփականատերը:
ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Եվ իսկապես, հյուրանոցի վերանորոգումը և վերաբացումը դեռ չի նշանակում, որ այն պետք է պատկանի Միհրան Պողոսյանին:
Վերջերս Կոմիտասի պողոտայում վերաբացվել է նաև «Ֆրեշ» սուպերմարկետը: Հետաքրքիր է, որ այն ևս կապեցին արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հետ: Ռիմա Եգանյանը շատ խիստ զայրացավ իր «արդարադատ» ղեկավարի մասին այսպիսի անունը վարկաբեկող «սխալ» տեղեկատվություն լսելով և խիստ նկատեց, որ նման տեղեկությունները որևէ հիմք չունեն և իրականությանը չեն համապատասխանում: Թե ինչու են նման «անիրական» տեղեկություններ պտտվում այդ «սուրբ» մարդու շուրջը, այդպես էլ չհաջողվեց պարզել: