«Սա առաջին տարին է, որ նա չկա: Անհնար է դա գիտակցելը: Բայց մեզ համար նա կա, մենք նրան հիշում ենք ու ինչ էլ լինի նա մեզ համար ապրում է: Դժվար է դա գիտակցելը: Մտնելով թատրոն մենք մինչև հիմա զգում ենք նրա ներկայությունը… նա մեր կողքին է, նա մեզ հետ է ու լինելու է միշտ»:
Այսպիսին էր Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի առաջադեմ և տաղանդավոր դերասանուհի Նորա Գրիգորյանի խոսքի սկիզբը՝ նվիրված նույն թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանի ծննդյան տարեդարձին: Աննկարագրելի հուզմունք և սրտացավ ապրումներ ուներ Նորան YerevanNews.am-ի հետ զրույցում հարցազրույցի ընթացքում: Սակայն արցունքախեղդ ապրումները հետզհետե փոխակերպվեցին սիրաշատ ժպիտի, երբ Նորա Գրիգորյանը սկսեց վերհիշել տաղանդաշատ գործընկերոջ, ընկերոջ և անչափ հարազատ Երվանդի հետ ապրած անմոռանալի օրերն ու դեպքերը:
«Երվանդի հետ աշխատելը անբացատրելի հետաքրքիր էր, և դա շեշտում էին բոլոր դերասանները: Այսօր թատրոնում նույնպես խոսվել է այս մասին: Այսօր մենք դերասաններով հավաքվել հիշում էինք Երվանդին, մեր Վանդիկին: Նա միշտ ինչ որ յուրահատուկ բաներ էր անում: Ինչ ասես, որ չէր փորձում «գլխներիս սարքել»: Ես աշխատել եմ իր հետ երկու ներկայացման մեջ, որոնցից մեկը ռազմական բնույթի էր, մյուսը՝ մանկական: Մանկական ներկայացման մեջ մի պահ կար, որտեղ վարդ պետք է դրված լինի բեմում: Եվ ես խոսքիս մեջ շեշտում էի. «Տե՛ս, ինչ գեղեցիկ վարդ է»: Վանդիկն ամեն անգամ վարդի փոխարեն ուրիշ ծաղիկ էր դնում: Այդ ժամանակ մենք փորձում էինք ինչ-որ իմպրովիզացիոն եղանակով տակից դուրս գալ: Ու արդեն մյուս անգամ գիտեինք, որ այս անգամ էլ նոր բան է լինելու՝ սկսած նույնիսկ կակտուսից: Վանդիկի հետ աշխատելը միշտ հետաքրքիր էր: Ու հետո, զգում էիր, որ մարդն իսկապես պրոֆեսիոնալ է, բեմի հետ մտնում էր կոնտակտի մեջ, իսկ դա ամենակարևորն է»:
Որպես մարդ նա շատ մաքուր և ուրախ էր: Հիմա, որ փորձում ենք հիշել, հիշում ենք, որ միշտ ժպտում էր, ինչպիսի բարդ իրավիճակում էլ հայտնվեր, մեկ է… նա միշտ ժպտում էր: Մեր սրտերում, մեր հիշողություններում, մեր գիտակցության մեջ նա այդպես էլ մնացել է… ՄԵՐ ՄԻՇՏ ԺՊՏԵՐԵՍ ՎԱՆԴԻԿԸ… Բոլորս, նրան ճանաչող յուրաքանչյուր մարդ ի սրտե ափսոսում է, որ նա չկա: Այդքան լուսավոր մարդն այլևս չկա… գիտակցելն իսկապես անհնար է»:
«Ստանիսլավսկու անվան թատրոնի ամբողջ անձնակազմը շնորհավորում է տարեդարձդ, սիրելի ընկեր, բազմաշնորհ ու տաղանդավոր դերասան, կատակասեր ու մտածող մարդ, ժպտերես ու լուսավոր երիտասարդ… մեր Վանդիկ»:
Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին և հիշեցնում, որ Երվանդ Ենգիբարյանն այսօր կդառնար 31 տարեկան:
Պատրաստեց՝ Անուշիկ Զոհրաբյանը։