Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ հանդիպում է եղել հայ ձկնարտադրողների հետ, որտեղ քննարկվել են «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միասնություն» ՀԿ-ի կողմից ներկայացված մի շարք հարցեր:
Կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը նշեց, առաջին հարցը, որ կառավարությունը պետք է ուսումնասիրության ենթարկի՝ կապված է արտահանման հետ:
«Մեզ համար առաջին մեծ խոչընդոտը հանդիսանում է բարձր ինքնարժեքով հայկական ձկնամթերքը ռուսական շուկա ներկայացնելու հանգամանքը: Այսօր հայկական ձկնամթերքը շատ բարձր ինքնարժեքով է արտահանվում, որի ընթացքում որոշակի խոչընդոտներ են առաջանում: Դրանք ռուսական շուկայում մեր մրցակիցներն են, ի դեմս Թուրքիայի և Կարելիայի, որոնք կարողանում են ցածր ինքնարժեքով մեծ քանակութությամբ ձկնամթերք արտահանել Ռուսաստան»,- նշեց Ա. Աթոյանը՝ հավելելով, որ չնայած այժմ քաղաքական նկատառումներով դադարեցվել է եվրոպական ձկնամթերքի ներկրումը Ռուսաստան, բայց վերականգնվելու դեպքում այն կրկնակի լուրջ մրցակցություն կառաջացնի ռուսական շուկայում հայ ձկնարտադրողի համար: Ա. Աթայանը առաջարկում է կանխակալ միջոցառումների շարք մշակել, որպեսզի հնարավոր լինի հայ արտադրողին տնտեսապես պաշտպանել ռուսական շուկայում:
Հաջորդ հարցը ավելի փոքր տնտեսությունների արտահանման իրավունքի ձեռք բերման վերաբերյալ է ներկայացվել, որպեսզի փոքր տնտեսությունները ևս կարողանան ցանկության դեպքում իրենց ձկնամթերքը արտահանել արտաքին շուկա: «Քանի որ արտահանման գործընթացը ֆինանսական խոչընդոտներ է առաջացում, մեր կողմից առաջարկվել է, որպեսզի մի քանի փոքր տնտեսություններ միավորվեն և մեկ կլազմակերպությամբ կարողանան իրենց ձկնամթերքը արտահանեն այլ շուկա»,- նշեց Ա. Աթոյանը:
Հասարակական կազմակերպությունը առաջարկում է նաև փոքր խորքային հոր ունեցող ցածր ջրատվությամբ տնտեսություններին իրենց խորքային հորի ամբողջ ջրօգտագործման թույլտվություն տալ:
«Քանի որ փոքր տնտեսությունները տնտեսապես ավելի խոցելի են, սա այլընտրանք է՝ կանխելու նրանց տնտեսապես ոչնչացումը»,- իր խոսքը եզրափակեց պրն Աթոյանը: