Սահմանամերձ գյուղերի գյուղապետերը, առաջին ընթերցմամբ ընդունված՝ սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու Կառավարության ու «Հանրապետական» խմբակցության օրենքի նախագծի մասին իրենց կարծիքը հայտնեցին YerevanNews.am-ի հետ զրույցի ժամանակ:
Գյուղապետերը դեռ չէին պատկերացնում, թե դա որքանով գործի կդրվի, կամ որքանով գյուղացիներին օգտակար կլինի: Տավուշի մարզի Պառավաքարի գյուղապետը YerevanNews.am-ին հայտնեց, որ իրենց գյուղում 2 տարով ոռոգման ջրի վճարից ազատվել են գյուղացիները: «Դա մեծ խթան է իրականում հողագործությամբ զբաղվող գյուղացիների համար»,- հայտնեց գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:
Սահմանամերձ գյուղերի բնակիչների ակնկալիքների մասին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ օրենքից օգտվելու են բոլորը. «Օգտվելու են բոլորը, որովհետև Տավուշի մարզպետը ինձ հայտնել է, որ արդեն 5 հոգի տնտեսվարողների իրեն են դիմել՝ տնտեսական գործունեության հայտ ներկայացրել: Ես չեմ կարող ասել, թե քանի հոգի կավելանան, բայց որ կակտիվանա, դա հաստատ է: Կստեղծվեն նոր աշխատատեղեր: Հստակ տնտեսական ակտիվությունը այնտեղ պետք է բարձրանա, որովհետև սահմանամերձ գյուղերը ունեն հարկային արտոնություններ»:
Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Վաղթանգ Միրումյանի այս օրենքի նախագծի կարգավորումների ուղղությունը երկուսն են՝
- Ստեղծել հարկային խթաններ երկրի սահմանամերձ տարածքներում տնտեսական ակտիվությունը խթանելու համար,
- Վերանայել գործող հարկային գործիքները, որ հարկերից ազատվեն:
Ընդհանուր առմամբ սպասելիքները մեծ են թե՛ գյուղապետերի, թե՛ գյուղացիների, թե՛ գյուղերում խանութ ունեցողների, թե՛ «բիզնես դնողների» համար: Կառավարությունը եթե մի բանով ուզում է օգնել, մենք միայն ուրախ կլինենք, արձագանքում են սահմանամերձ գյուղերի գյուղապետերը: