1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 15 տարի, սակայն հոկտեմբերյան այդ դաժան իրադարձությունը երկար դեռ կմնա Հայաստանի պատմության ու մարդկանց հիշողություններում: YerevanNews-ի հետ զրույցում, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց արդեն 15 տարվա պատմություն ունեցող, բայց դեռ ներկա ժամանակների այն իրադարձության մասին, որը դեռ բազմաթիվ չբացահայտված հարցեր ու մեղավորներ ունի:
Աշոտ Մանուչարյանը ողբերգության երկու վարկածներ է ընդգծում, որը նաև նախկինում է ասել: Քաղաքագետը հիշում է, թերևս այդ ժամանակների աշխարհաքաղաքական կարևոր մի փոխանակման ծրագրի մասին, որը կապված էր Արցախյան խնդրի կարգավորման հետ: «Առաջարկվում էր Մեղրին հանձնել Ադրբեջանին, իսկ Ղարաբաղը Լաչինի միջանցքի հետ միասին՝ Հայաստանին»,- նշում է Ա. Մանուչարյանը ու հավելում, որ նախագիծը հասցվել էր ավարտին, նախկին նախագահ Ռ. Քոչարյանը համաձայնություն էր տվել, մինչդեռ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը դեմ էին արտահայտվել: «Առաջարկող կողմը գիտեր ով է կեղմ, ով՝ դեմ և այդ ձևով փորձեցին կոտրել «դեմ»-ը»:
Վարկածներից մեկն էլ այն էր, զրուցակցի խոսքով, որ դեռ այն ժամանակներում գերտերությունները Հայաստանում ստեղծում էին մի համակարգ, որով ապահովված էր երկրի կառավարելիությունը: «Եվ մեկ էլ հայտնվում են միավորված մարդիկ, կոտրում են կառավարելիությունը ու իշխանությունը անցնում է նրանց ձեռքը»,- ասաց Ա. Մանուչարյանը՝ նշելով, որ այդ ժամանակ Հայաստանը իրական անկախության բավականին լուրջ հեռանկար ուներ, այնպիսի անկախության, որը սեփական ինքնության վրա էր կառուցված: «Հայաստանի իրական անկախությունը, մեր երկրի վերջին հույսը գնդակահարվեց այդ օրը: Դա խորքային Հայատանն էր, Հայաստանը՝ իր իսկական էության մեջ՝ պայծառ, ստեղծագործ մարդու երկիր: Մեծ ցանկություն կար ու այդպես էլ կլիներ»,-ասաց Ա. Մանուչարյանը, ավելացնելով, որ ամեն ինչ մարդկային նպատակադրումներից է կախված և մեծ հավանականությամբ այդ նպատակադրումները կիրականանային: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ա. Մանուչարյանը կարծում է, որ անկախ մի ատյան պետք է ստեղծվի, որը լուրջ կզբաղվի դեռևս չբացահայտված այս հանցագործության մեղավորների բացահայտման համար: