Վարդան Այվազյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ սկանդալային հայտարարություն արեց: Նա մեկնաբանեց իր և Զարուհի Փոստանջյանի վեճը ոչ առանց սարկազմի: «Կինը պետք է չմիջամտի տղամարդկանց խոսակցության մեջ, դա բարոյական օրենքներից դուրս է», բարոյական դաս տվեց լրագրողներին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
ՕԵԿ պատկամավոր Հեղինե Բիշարյանը YerevanNews.am-ին հայտնեց, որ դեմ է ցանկացած վիրավորանքին հնչած թե՛ տղամարդու, թե՛ կնոջ կողմից: Նա քննադատեց հենց երևույթը. «Ես ընդհանրապես դեմ եմ, որ թե՛ կինը, թե՛ տղամարդը վիրավորեն միմյանց, կամ վիրավորական տոնով խոսեն իրար հետ: Բնականաբար առավել ևս դեմ եմ կանանց նկատմամբ դրսևորված վիրավորանքներին: Բայց այնուամենայնիվ ես կողմ եմ, որ հարգալից վերաբերմունք դրսևորեն կինը տղամարդու, տղամարդը՝ կնոջ հանդեպ:
Բնականաբար, երբ սկսվում են իրար հանդեպ հերյուրանքներով խոսել, վարկաբեկիչ արտահայտություններ անել, այդ պահին ամեն մեկը մոռանում է իր դիմաց կին է կանգնած, թե՞ տղամարդ: Ու սկսվում են իրար նկատմամբ վիրավորական խոսքերը: Դա իմ համար անընդունելի է»:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Վարդան Այվազյանը չի համարում, որ վիրավորել է Զարուհի Փոստանջյանին: