Իր թոռնուհու ընկերոջը ծեծի ենթարկելու համար Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անիչկա Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամանակով, բայց նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Արարատի մարզի բնակիչներ Կարինեն (անունը փոխված է) և Գասպար Մանուկյանը ծանոթանալով միմյանց հետ որոշել են էլ ավելի մտերմիկ շփում ունենալ: Գասպար Մանուկյանը աղջկա հետ հանդիպելու թույլտվություն ստանալու նպատակով դիմել է ընկերուհու մորը, սակայն վերջինս դեմ է եղել այդ հարաբերություններին։ Այդուհանդերձ երիտասարդները շարունակել են իրենց շփումը:
Դատական ակտից տեղեկանում ենք, որ 2012թ. սեպտեմբերին, ամուսնանալու նպատակով, նախնական պայմանավորվածության համաձայն՝ Կարինեն ինքնակամ, առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տանից և Մանուկյանի հետ միասին մեկնել Վրաստան, որտեղ և մի քանի անգամ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Աղջկա մայրը դստեր տանից հեռանալու հաջորդ օրն իսկ ահազանգել է ոստիկանություն՝ Գասպար Մանուկյանի կողմից ամուսնության նպատակով իր անչափահաս դստերն առևանգելու բողոքով: Նշենք, որ աղջիկը ծնվել է 1994թ.-ին:
Օրեր անց Կարինեն հարազատների հետ հաշտվելու նպատակով վերադարձել է տուն և իր հարազատներին պատմել, թե ընկերը իրեն խաբել է ու Երևան գնալու պատրվակով տարել է Վրաստան, որտեղ էլ վերջինս իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել: Ազգականներից ամաչելով ու ցանկանալով արդարանալ՝ նա նրանց ստել է, թե իբր սեռական հարաբերությունները տեղի են ունեցել իր կամքին հակառակ, ինչն էլ զայրացրել է նրա հարազատներին: Աղջկա մայրը, տատիկը՝ Անիչկա Հակոբյանը և մյուս հարազատները զայրացած հարձակվել և ծեծի ենթարկել Գասպար Մանուկյանին:
Անիչկա Հակոբյանը ձեռքին եղած տախտակով մեկ անգամ հարվածել է տղայի կրծքավանդակի ձախ կողմին՝ պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո տախտակը վայր է նետել, բայց շարունակել է ծեծի ենթարկել Գասպար Մանուկյանին:
Դեպքի վայր եկած ոստիկանության աշխատակիցները Գասպար Մանուկյանին բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին, սակայն հանցագործության բացակայության հիմքով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:
Մինչ դատաքննությունը սկսվելն ամբաստանյալ Անիչկա Հակոբյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Դատարանը, Անիչկա Հակոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առել այն, որ նա խոստովանել ու զղջացել է կատարած արարքի համար, ինչպես նաև այն, որ նա հանցանքը կատարել է տուժողի կողմից դրսևորած վարքագծի` իր թոռան նկատմամբ հակաբարոյական արարք կատարելու հետևանքով,-գրում է Փաստինֆոն:
Դատարանը Անիչկա Հակոբյանին պարտավորեցրել է սահմանված փորձաշրջանի ընթացքում, չփոխել մշտական բնակության վայրը, նրա վարքագծի հետագա վերահսկողությունը հանձնարարելով բնակության վայրի ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների բաժնին: