Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստի ժամանակ անդրադառնալով «Ժամանակովոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, իսկ չաշխատող հղի կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է.
«Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի: Դա ընդունեք հիմք, - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին դիմելով, վարչապետը շարունակել է. «Բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը, դա հանրությանը շատ է հետաքրքրում: Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի»: