Աշխատող մայրերի դժգոհությանը արժանացած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությանը, լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ պետք է կրճատվեր աշխատող հղիների նպաստների չափը և նպաստ տրվեր նաև չաշխատողներին:
Նախարարը նշել է, որ այս ընթացքում բավականին առարկայական քննարկումներ են ունեցել, որն իսկապես շատ լավ օրինակ է քննարկումների առումով՝ բոլոր շահագրգիռ շրջանակների հետ, այդ թվում՝ շահառու անձանց: «Խորհրդարանական լսումների շրջանակներում այն բոլոր հարցադրումներն ու մոտեցումները, որոնք ներկայացվեցին, բնականաբար ներառվեցին մեր կողմից ներկայացված նախագծի ամփոփաթերթում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ իրականացվում են բոլոր առաջարկությունների վերլուծության փոփոխությունների աշխատանքները: Մտահոգությունը, որ բոլորս ունենք, այն է, որ իսկապես աշխատող հղի կինը, որը եկամուտ է համապատասխան ստանում, չունենա որևէ կերպ այդ իրավունքի ոտնահարում:
«Հիմա նախագիծը վերջնական տեսքի ենք բերում, որը տեսքի կգա երկու-երեք օրվա ընթացքում և կներկայացվի ԱԺ սոցիալական հանձնաժողովի քննարկմանը, և այդ շրջանակներում մենք վերջնական բոլոր հարցերի պատասխանները կունենանք»,-նշեց Ա. Ասատրյանը: