Հոկտեմբերի 31-ին սահմանված կարգով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն համալսարանի ռեկտոր ընտրվեց Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը, այս մասին տեղեկացնում է ՃՇՀԱՀ մամուլի քարտուղարությունը:
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր 2014թ. մարտի 24-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ Գագիկ Գալստյանը նշանակվել էր ռեկտորի պաշտոնակատար, փոխարինելով նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին: Նշենք, որ նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված «սեքս սկանդալ» էր ծավալվել: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հետաքննություն է կատարվում, թե ինչպես է կոտրվել նախկին ռեկտորի ֆեյսբուքյան էջը ու համացանցում հայտնվել նամակագրություն, որը վերագրվում է Հովհաննես Թոքմաջյանին և ճիշտ լինելու դեպքում, բացահայտում է նրա սիրային կապը բուհի դասախոսներից մեկի հետ: Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու գործը, որի հիմնական սկանդալն այն է, որ, իբր Թոքմաջյանն ու իր ենթադրյալ սիրուհին, անպարկեշտ համակարգչային գրագրություն են անում ու նաև վիրավորական արտահայտություններ են անում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հասցեին:


