Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հարցաքննվել է գործով վկա, ոստիկանության ավագ տեսուչ Մկրտիչ Խուդավերդյանը, ով հայտնեց, որ մեկնել է դեպքի վայր ու մասնացել է դեպքի վայրի զննությանը: Վկայի խոսքով՝ դեպքի վայրի զննությանը մասնակցել է ինքը, երկու ընթերականեր, ԱԻՆ աշխատակիցներ, ճանապարհային ոստիկաններ: Վկան ասաց, որ ինքը չի ճանաչել ընթերականերին, նրանից մեկը «տարիքով է եղել, մեկը՝ երիտասարդ», իսկ նրանց արտաքին այլ տվյալներ չի հիշում:

 

Մեղադրող Արթուր Սարգսյանը այն հարցին, թե ի՞նչ կերպ նա կարող է պատճառաբանել այն հանգամանքը, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ չկա նրա ստորագրությունը, վկան ասաց, որ մոռացել է ստորագրել, բոլորը ստորագրել են, ինքը մտածել է, որ վերջում կստորագրի, սակայն ավարտելուց հետո մոռացել է ստորագրել: Վկա Մկրտիչ Խուդավերդյանը նշեց, որ հաջորդ օրը գնացել է քննիչի մոտ ու ասել է, որ մոռացել է ստորագրել, սակայն քննիչը ասել է, որ ուշ է ու չի կարող ստորագրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Yerevannews-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էր, որ ներկա պահին վկաներին ու ովքեր մասնակցել են գործողություններին, բոլորին հարցաքննել են, մի հոգու բացառությամբ: «Պետք է այս պահին միջնորդենք, որպեսզի վերականգնենք ճիշտ օբյեկտիվ պատկերը: Մենք ունենք ապացույցներ, որ դեպքի վայրը լիարժեք չի գծվել, որի արդյունքում էլ վթարի տեղը փոխվել է բանուկ մասից դեպի կողմնակի մաս»,- ասել էր պաշտպանը:
Ընթերականի չլինելու փաստի վերաբերյալ Վարդան Պետրոսյանի պաշտպանը մանրամասնել էր, որ եթե ընթերական չկա և հայտնի չի նրա ինքնությունը, ապա չենք կարող բացառել, որ նա հանդիսանում է ոստիկանության աշխատող, որը իրավունք չուներ մասնակցելու: Նշենք, որ ըստ պաշտպանի փոխանցած տեղեկատվության, ընթերականի տվյալներից փոփոխված են եղել որոշակի թվեր, և բնութագիրը բովանդակության հետ չի համապատասխանել:

Նշենք, որ դատաքննությունը շարունակվում է: