«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանում թափուր են պետական կառավարման համակարգի երկու կարևորագույն պաշտոններ, նույնիսկ կարելի է ասել երեք՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, փոխվարչապետի պաշտոնը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է արդեն ամիսներ, իսկ տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնը թափուր է արդեն մի քանի շաբաթ, և հայտնի էլ չէ, թե այս պաշտոնների նշանակումները երբ տեղի կունենան:
Այս իրավիճակը չի կարելի սովորական համարել, որովհետև խոսքը վերաբերում է ցանկացած պետական օրգանիզմի համար առանցքային պաշտոնների: Սակայն Հայաստանում, իհարկե, իրավիճակը պետք է չափել ոչ թե պետական օրգանիզմի, այլ քրեաօլիգարխիկ համակարգի անհրաժեշտությունների կամ տրամաբանության տեսանկյունից: Իսկ այդ տեսանկյունից՝ թափուր պաշտոնները վկայում են ներհամակարգային ճգնաժամի մասին, որովհետև Հայաստանում կարևոր նշանակումները կատարվում են, բնականաբար, համակարգի բոլոր սեգմենտների գործոնը հաշվի առնելով, փոխհամաձայնեցնելով: Միանձնյա նշանակումներ հնարավոր են, սակայն պաշտոնների թափուր կարգավիճակը վկայում է, որ Սերժ Սարգսյանն այսօր միանձնյա նշանակումներ անելու հնարավորություններ չունի: Իսկ ներհամակարգային ճգնաժամը թույլ չի տալիս արագորեն փոխհամաձայնեցնել նոր նշանակումները այդ կարևոր պաշտոններում: Ըստ որում՝ խնդիրն այստեղ միայն իշխանական-ոչիշխանական տիրույթում չէ, որովհետև առավել էական է փոխհամաձայնությունը ՀՀԿ-ի ներսում:
Եթե խնդիրը ոչիշխանական ուժերին, իշխող համակարգի ոչիշխանական բևեռին վերաբերում է ինչ-որ կերպ, ապա գերազանցապես ներհհկական իրողության միջոցով: Հարցն այն է, որ ոչիշխանական ուժերն իշխանության համար պայքարում ակտիվորեն սկսել են ՀՀԿ-ական մեծամասնության կազմալուծման ջանքերը, և նրանց խնդիրն է այդ մեծամասնության ներսում, ըստ որում՝ ոչ միայն «պոլիտբյուրոյի» մակարդակով, այլև նաև ՀՀԿ-ական տարածքային օղակների, առաջ բերել քայքայիչ մթնոլորտ և հիմքեր դնել ճամբարափոխության կամ, ինչպես Հայաստանում ընդունված է ասել, առնետավազքի»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: