Շարունակվում են ՀՀ 2015թ.-ի բյուջեի քննարկումները: Այսօր՝ նոյեմբերի 3-ի կառավարության նիստի ժամանակ խոսվել է նաև Արտասահմանյան կլինիկական փորձն ուսումնասիրելու նպատակով բժիշկների գործուղման համար հատկացված 36 մլն դրամի մասին, որը ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի բավարար չէ խնդրին լուծում տալու համար:

Պատգամավորը խնդրել է ներկայացնել հիմնավորումներ, համաձայն որոնց վերապատրաստված մասնագետները ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան, այլ ոչ թե իրենց ծառայությունները շարունակեն այլ երկրում: Խնդիրը կայանում է նաև նրանում, որ մարզային հիվանդանոցները իրենց հագեցվածությամբ գտնվում են բարվոք վիճակում, սակայն բացակայում են որակյալ բժիշկները:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համաձայնվեց, որ մարզերում իսկապես առկա կադրային հագեցվածության խնդիր և անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի՝ կապված մարզերում բժիշկներին ծեծի ենթարկելու փաստի հետ: Նախարարը մասնավորապես ասաց.

«Այն չարաբաստիկ դեպքերը, որոնք տեղի են ունենում, իհարկե, դատապարտում են բոլորը, որ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում բժշկի հանդեպ, և նման երևույթները ոչ թե չեն նպաստում, այլ միանշանակ վանում են բժիշկներին մարզային հետագա գործունեությունից»:

Անդրադառնալով հարցադրման առաջին մասին Արմեն Մուրադյանը ասաց, որ եթե ուսանողը պետպատվերով է սովորել, ապա նա պետք է վերադառնա մարզ: Չնայած որ, ըստ նրա, լինում են դեպքեր, երբ պետությունը նրանց համար գումար է ծախսում, բայց երիտասարդ բժիշկը տարբեր առիթներով չի ուզում վերադառնալ: