«Զավեշտ է, որ Գարեգին Նժդեհի հրապարակում է Սուրեն Սպանդարյանի արձանը, իսկ Գ. Նժդեհի արձանը՝ Հանրապետության փողոցում է տեղադրվելու»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմանջյանը:
Գեղարվեստական խորհրդի անկարողության մասին ցավով հայտնեց քանդակագործը. «Մենք պարբերաբար գնում նայում ենք այն աշխատանքները, որոնք որ քաղաքում կանգնեցվում են, բայց այստեղ մի «բայց» կա՝ գեղարվեստական խորհուրդը զուտ խորհրդակցական մարմին է, և մենք պարտադրելու, կամ ինչ-որ բան փոփոխելու իրավունք չունենք: Դա արվում է մեզանից «վերևներում»: Մենք որպես արվեստագետներ գնում նայում ենք և մեր խորհուրդն ենք տալիս՝ ինչքանով տվյալ քանդակագործը կամ ճարտարապետը կընդունի մեր խորհուրդը: Հենց այդպես եղավ երբ գնացինք նայելու Գարեգին Նժդեհի քանդակի էսքիզային տարբերակը՝ Գագիկ Ստեփանյանի արվեստանոց»:
Քանդակի դրվելու վայրը, ճիշտ է, մտահոգող է, բայց քանդակագործը կարևորում է ոչ թե վայրը, այլ որ գործը լավը լինի:
«Մի քանի տարի առաջ, երբ մրցույթ հայտարարվեց, մեր՝ քանդակագործների մոտ ոչ մի խնդիր չառաջացավ, թե ինչո՞ւ պետք է քանդակը ոչ թե Գ. Նժդեհի հրապարակում լինի, այլ Հանրապետության փողոցում: Մենք մտածում էինք քանդակի կերպարի մասին, նրա սիլուետների, պայքարող կերպարի, նրա ընդվզման մասին»,- ասում է նա:
Քանդակի տեղը ժամանակի ընթացքում փոխվել է: Ըստ Լևոն Թոքմանջյանի, այն ի սկզբանե պետք է դրվեր հենց Գարեգին Նժդեհի հրապարակում: Հետո որոշումը փոխվեց «վերևից» և տեղափոխվեց քանդակի վայրը՝ Հայրենիքի խաչմերուկ: Բայց, քանի որ այստեղ շարժումը շատ էր մեքենաներով, իսկ անցորդները առանց մեքենայի տակ ընկնելու վախի չէին կարողանա հիանալ քանդակով՝ վերջնականապես որոշվեց Հանրապետության փողոցում այն կանգնեցնել՝ մեջքով դեպի պատկերասրահը և դեմքով դեպի Մամիկոնյանի արձանը:
«Վերևներից» որոշված փոփոխությունը հրամանատար Գարեգին Նժդեհին վերածեցին դիկտատորի, ըստ Լևոն Թոքմանջյանի. «Նախնական տարբերակով Գարեգին Նժդեհի քանդակը սուր էր բռնում: Հանկարծ որոշվեց, որ սուրը պետք է հանվի: Հիմա խնդիր է առաջանում, եթե երկու ձեռքը դրված էր սուրին, ապա հիմա ազատ են մնում: Քադակագործը ստիպված ինչ-որ լուծում գտավ՝ մի թևը ծալեց, մյուսը՝ առաջ բերեց: Մի տեսակ ինձ համար դիկտատորի, հռետորի տպավորություն թողեց: Դրա համար քանդակագործին խնդրեցի, որ ինչ-որ շարժ դնի քանդակի մեջ և դերասանական ժեստը դուրս գա քանդակից»: