««Գարեգին Նժդեհի ֆիլմում խաղալու առաջարկն ընդունելով՝ ես մեծ ռիսկի եմ գնացել: Ինքս ինձ հարց եմ տվել ՝ կկարողանա՞մ, թե  ոչ: Երկար մտածելուց հետո ասեցի. մահը մերն է, մենք՝ մահվանը, մարդու գործն է միշտ անմահ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համանուն հերոսի դերակատար Արտաշես Ալեքսանյանը: Դերասանի խոսքերով կան բացթողումներ և չասված խոսքեր, քանի որ սեղմված ժամանակահատվածի մեջ դժվար էր ամբողջը տեղավորել:

«Ֆիլմի դիտման առաջին օրն ընդհանրապես քնած մարդ չկար: Երկրորդ օրը հնարավոր է, որ հանդիսատեսներից մեկը քնի ինչ-ինչ պատճառներով՝ գիշերը չի քնել, աշխատել է եւ այլն»,-նշում է դերասանը: Դերասանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆիլմը գերազանց է գնահատել:

Ասուլիսի մյուս բանախոս Վիգեն Ստեփանյանն էլ նշեց, որ Հայաստանում այդքան էլ շատ չեն լավ դերասանները. «Իսկ Արտաշես Ալեքսանյանը ավարտել է Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցը, նկարվել է բազմաթիվ ֆիլմերում: Սերիալն էլ է նրա աշխատանքը, մեր աշխատանքը: Ինձ համար ցավալին այն է, որ մենք ունենք քաղաքային մի շերտ, որ ամեն ինչի նայում է ծաղրելով»: