Ազատության հրապարակում մեկնարկել է բաց քաղաքացիական խորհուրդը: Չնայած տեղումներին՝ Ազատության հրապարակը մարդաշատ է: Քաղաքացիական ֆորումի մեկնարկին ելույթ ունեցավ Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ողջունեց հավաքվածներին և շնորհակալություն հայտնեց, որ նրանք այստեղ են: «Բարև, ժողովուրդ, ինչպե՞ս եք, սա մեր եղանակն է»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ապա նա նշեց, որ այսօրվանից մեկնարկող բաց քննարկումները կշարունակվեն մինչև հինգշաբթի օրը: Ապա խոսքը փոխանցեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նշեց. «Ժողովուրդը ընտրել է նախագահ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, և տրամաբանությունից բխում է, որ ընտրված նախագահը պետք է ձեռնարկի քայլեր նոր իշխանության ձևավորման համար: Դա բավականին բարդ գործընթաց է, և այդ առումով շատ կարևոր է, որ հանրությունը ներգրավված լինի այդ գործընթացում»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր խիստ կարևոր է, որ քաղաքականությունը հրապարակային դարձվի: «Այստեղ մենք տարբեր մտքեր ենք արտահայտելու նոր ձևավորվելիք կառավարության շուրջ: Պետք է մոռանանք այս իշխանությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

«Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվել է նախագահ, ով չի եղել ընդդիմության միասնական թեկնածու: Փետրվարի 18-ից առաջ տարբեր վերլուծաբանների գնահատմամբ ժողովուրդը մենակ է մնացել Սերժ Սարգսյանի հետ: Շատերին թվում էր, թե ժողովուրդը գնալու է և ձայն է տալու Սերժ Սարգսյանին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը. գրում է galatv.am-ը:

Ըստ նրա՝ հիմնական առանցքային քաղաքական ուժերը չեն ուղղորդել իրենց՝ ընտրողներին, մարդիկ գնացել և ընտրել են Րաֆֆի Հովհաննիսյանին: