Այսօր ԱԺ բյուջեյի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին Գյումրու տեխնոպարկի մասին հարցով դիմեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Ըստ պատգամավորի 300 մլն գրանտ տրամադրելուց հետո անցած տարի կրկին 150 մլն են տրամադրել, սակայն վերջնական արդյունքը դեռ պարզ չի, թե ինչ է լինելու:
Փոխնախարարը ներկայացրեց, թե ինչպես են ներկա պահին ընթանում գործերը. «Առաջինը միջավայրի ձևավորումն է, այսինքն՝ այդ արդյունաբերական գոտիներում ինժեներական և տեխնոլոգիական միջավայրի ձևավորումը, որի շուրջ համախմբվում են այն ձեռներեցները, այն երիտասարդները, որոնք որ ցանկություն ունեն զբաղվել ինժեներական կրթությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներով»:
Սակայն, ՀՀԿ-ական պատգամավորը այսքանով չբավարարվեց: Նա նաև հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին ակնկալելով լսել տեխնորպարկի 6-7 տարվա գործընթացից ՀՆԱ-ի աճի քանակը. «Եթե ներդրել ենք, կառուցել ենք, աշխատում է, պետք է եկամուտներ էլ չէ՞ ակնկալել, և «ցեպը» այստեղ փակվում է, իսկ եթե չի փակվում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ճիշտ եմ չէ՞, ոնց որ: Կխնդրեմ ասեք, ճի՞շտ եմ, թե՞ ճիշտ չեմ»:
Փոխնախարարը հայտնեց, որ ճիշտ է Վարդան Այվազյանը: